ՏԻՄ ընտրություններ և ուստարվա սկիզբ. խորհրդակցություն ոստիկանապետի ղեկավարությամբ
Oգոստոսի 14-ին ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Oրակարգում երկու հարց է ընդգրկված եղել` սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բնականոն ընթացքն ապահովման նախապատրաստական աշխատանքներն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը նոր ուսումնական տարվա սկզբին:
Վլադիմիր Գասպարյանն անդրադառնալով առաջիկա ընտրությունների նախապատրաստման և բուն ընտրությունների ընթացքում ոստիկանության դերին ու խնդիրներին` նշել է, որ համապետական ընտրությունների համեմատությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ունեն մի շարք առանձնահատկություններ, ինչն էլ ենթադրում է նոր մոտեցումներ` ինչպես ընտրությունների կազմակերպման, այնպես էլ ընտրողների հետ տարվող աշխատանքներում:
Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել է հատկապես տեղերից ստացվող տեղեկատվության մշակման, ահազանգերի օպերատիվ արձագանքման և զանգվածային լրատվության միջոցների հետ սերտ համագործակցության վրա:
Վ. Գասպարյանը ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հրահանգներ է տվել ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ժամանակացույցի, ընթացակարգի և կոնկրետ անիլիքների վերաբերյալ:
Ոստիկանապետը նոր ուս.տարվա սկզբին ուսումնական հաստատությունների շրջակայքում երեխաների և նրանց ուղեկցող մեծահասակների անվտանգության ապահովման կոնկրետ միջոցառումներ է նախանշել և համապատասխան հանձնարարականներ տվել ստորաբաժանումների ղեկավարներին:










