Շահնազարովը 60-ամյա տարեդարձը նշել է Վիբորգի կինոփառատոնում. նրա անունը կհայտնվի Աստղերի ծառուղում
ՌԴ Վիբորգ քաղաքում անցկացվող «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնում ազգությամբ հայ կինոռեժիսոր Կարեն Շահնազարովն ու նրա ռուս գործընկեր Վլադիմիր Խոտինենկոն օգոստոսի 13-ին նշել են իրենց ծննդյան 60-ամյակն ու 20 տարի առաջ այս կինոփառատոնում նրանց համատեղ «Երազներ» և «Մակարով» ֆիլմերի պարգևատրման տարեդարձը, հայտնում է vz.ru-ն:
Երեկ երեկոյան հայ ռեժիսորի «Սպիտակ վագր» ֆիլմի ցուցադրությանը հաջորդել է նրա ստեղծագործական երեկոն, որն ավարտվել է անսովոր հանդիսավոր արարողությամբ: Հենց բեմում Շահնազարովից վերցրել են նրա ձեռքերի հետքերը, որոնք շուտով կհայտնվեն «Վիբորգ Փալաս» կինոթատրոնի դիմաց գտնվող Աստղերի ծառուղում, այնպիսի հայտնի մարդկանց անունների կողքին, ինչպիսիք են Լյուդմիլա Գուրչենկոն, Վլադիմիր Մենշովը, Ալլա Դեմիդովան և այլք:
Այնուհետ կինոռեժիսորները հանդիպել են նաև լրագրողների հետ: Հանդիպումը տևել է մինչև գիշերվա ժամը 01.00-ը: Ռեժիսորները խոսել են ռուսական կինեմատոգրաֆի ներկայի ու ապագայի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Շահնազարովը նշել է, որ ռուսական կինեմատոգրաֆի ամենամեծ խնդիրն «իրական հանդիսատեսին ֆիլմերը ցուցադրելն է»: «Անցյալում մենք ունեինք ահռելի հանդիսատես` ԽՍՀՄ, Լատինական Ամերիկա, որտեղ իսկապես մեր ֆիլմերը ցուցադրվում էին»,- ասել է նա:
Ռեժիսորի կարծիքով` այսօր «Մոսֆիլմ»-ն ամուր է կանգնած իր ոտքերի վրա և հանդիսանում է Եվրոպայի առաջատար ստուդիաներից: «Սակայն մենք նաև գիտակցում ենք, որ 1-2 տարուց իրավիճակը կարող է սկզբունքորեն փոխվել: Բոլորը կանցնեն թվայինին, լաբորատորիաները կփակվեն, ի հայտ կգան բացարձակապես նոր տեխնոլոգիաներ»,- ասել է Շահնազարովը:
«Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնը կտևի մինչև օգոստոսի 19-ը, որի շրջանակներում կցուցադրվի 76 ֆիլմ: Փառատոնի ընթացքում կանցկացվի 3 մրցույթ` խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմերի շրջանում:










