Դամասկոսը համաձայնել է Անանի փոխարեն ալժիրցի դիվանագետի թեկնածությանը
Դամասկոսը համաձայն է ալժիրցի դիվանագետ Լահդար Բրահիմիի` սիրիական կարգավորման հարցում Քոֆի Անանին փոխարինող ՄԱԿ-ի հատուկ բանագնացի պաշտոնում նշանակմանը: Այս մասին այսօր հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը` հղում կատարելով «Սուրիա ալ-Էն» գործակալության հաղորդմանը:
Այնուամենայնիվ, Դամասկոսում դեռևս չեն ընդունում ՄԱԿ-ի նշյալ բանագնացի, որպես Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հատուկ ներկայացուցչի իրավասությունները, քանի որ համարում են, որ այդ համաարաբական կազմակերպությունը «սաուդա-կատարյան կառավարման» տակ է և ծառայում է Սիրիայի դեմ արտաքին ուժերի խարդավանքներին:
«Սիրիայի կառավարությունը ողջունում է Բրահիմիի նշանակումը և հույս ունի, որ դա կնպաստի Քոֆի Անանի 6 կետանոց ծրագրի իրագործմանը և ՄԱԿ-ի` Սիրիայում դիտորդական առաքելության շարունակմանը, որը ներկայում գլխավորում է սենեգալցի գեներալ Բուբաքար Գայը», - նշել է Սիրիայի կառավարության ներկայացուցիչը:
Ալժիրցի 78-ամյա դիվանագետը ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնացի պաշտոնում Անանի ամենահավանական հետնորդն է: Նա միջազգային և միջարաբական քաղաքական թատերաբեմում լավ հայտնի գործիչ է, ում մեկ անգամ չէ, որ բարդ դիվանագիտական առաքելություններ է հանձնարարվել: Բրահիմին համարվում է Լիբանանի 1975-1990թ. պատերազմին վերջ դրած հաշտեցման համաձայնագրի ճարտարապետը, ալժիրցին 1997-1999թթ. և 2001-ից մինչ 2004թթ. Աֆղանստանում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչն էր, 2004թ. օգնում էր ձևավորել Իրաքի ժամանակավոր կառավարությունը:
Նա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հանձնարարականներով հատուկ առաքելությամբ եղել է նաև Կոնգոյում, Եմենում և Լիբերիայում:










