Սյունիքի մարզում ջրասուզակն ու ջրափրկարարները Դավիթ Բեկի ջրամբարից փորձում են դուրս բերել ավտոմեքենան

15:08 • 14.08.12

Երեկ` օգոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17.30-18.00-ի սահմաններում Գորիսի Ձորք թաղամասի բնակիչ Մհեր Հայրապետյանն իր մի քանի ընկերների հետ իր անձնական օգտագործման «ՎԱԶ 2106» մակնիշի 10 ԼՏ 554 համարանիշի ավտոմեքենայով եկել է Գորիսի տարածաշրջանում գտնվող Դավիթ Բեկի ջրամբարի մոտ ` Ռուսաստանից Հայաստան ժամանած իրենց ընկերոջ 25-ամյակը նշելու:

 

Ինչպես Tert.am-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ միջոցառումը սկսելը` ավտոմեքենան կայանելիս են եղել ջրամբարի մի հատվածում, որտեղից էլ ավտոմեքենան, մոտ 15 մետր գլորվելով, ընկել է ջրամբարի ափ:

 

Բարեբախտաբար, ավտոմեքենայում ոչ ոք չի եղել:

 

Բոլորը եղել են երիտասարդ, փորձել են իրենց ուժերով դուրս բերել, սակայն չեն կարողացել, և ավտոմեքենան սուզվել է ջրամբարը:

 

Առավոտյան` ժամը 10.00-ից, նշված տարածք են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարար վարչության աշխատակիցները` Արթուր Հարությունյանի գլխավորությամբ:

 

Տեղում են նաև Սիսիանի ջրափրկարարները:

 

Ավտոմեքենան ջրից դուրս բերելու համար աշխատում է նաև ջրասուզակը:

 

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ քանի որ ջրամբարի ջուրը պղտոր է, ջրասուզակներին չի հաջողվում հայտնաբերել ավտոմեքենայի տեղը:

 

Ողջ գիշեր այստեղ են եղել նաև ավտոմեքենայի տերը և նրա ընկերները: