Թայլանդում սենատորը պատահմամբ կրակել է նախկին կնոջը
Թայլանդի երկպալատ խորհրդարանի պատգամավոր Բունսոնգ Կովավիսարաթն Uzi ատրճանակ-գնդացրով կրակել է իր նախկին կնոջը, ով նաև նրա քարտուղարուհին էր:
Ինչպես հաղորդում է CNN-ը, միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսում գտնվող ռեստորանում: 55-ամյա սենատորն ու նրա քարտուղարուհին` 46-ամյա Չանակարն Դեթկարդը, մեքենայով գնալիս են եղել Բանգկոկ, սակայն ճանապարհին որոշել են ընթրել ռեստորանում:
Սպասելով պատվերին` քաղաքական գործիչը հանել է ատրճանակն ու կրակել կնոջ որովայնին: Դեթկարդը մահացել է հոսպիտալում: Սենատորը նշել է, որ այնքան է ցնցված կատարվածից, որ չի կարողացել նախկին կնոջ հետ շտապ օգնության մեքենայով գնալ հոսպիտալ:
CNN-ի տեղեկության համաձայն` չնայած ամուսնալուծությանը, նրանք շարունակում էին ապրել միասին: Հեռուստաալիքը հայտնել է, որ նրանց հետ մեքենայում է գտնվել ևս 4 մարդ, որոնք նույնպես եղել են ռեստորանում: Դեռ անհայտ է` ինչի՞ համար էր սենատորն իր հետ զենք վերցրել:
Ոստիկանությունից հայտնել են, որ խորհրդարանականն ունեցել է զենք կրելու թույլտվություն: Նրան առաջադրվել է անզգուշությամբ մահ առաջացնելու մեղադրանք, սակայն պատգամավորական անձեռնմխելիության շնորհիվ նրան չեն կարող ձերբակալել մինչ խորհրդարանի կողմից նրան անձեռմխելիությունից զրկելը:
Սենատորին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:










