ԱՄՆ-ը չեղարկել է Սիրիայի նախկին վարչապետի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
ԱՄՆ իշխանությունները սանկցիոն ցուցակից հանել են Սիրիայի նախկին վարչապետ Ռիյադ Հիջաբին, ով նախորդ շաբաթ ընտանիքի հետ միասին փախել էր Հորդանան և միացել սիրիական ընդդիմությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում կատարելով ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վարչության (OFAC) կայքին:
Ներկայում ամերիկյան այդ ցուցակում է սիրիացի մոտ 30 բարձրաստիճան պաշտոնյա: Նրանց մուտքը ԱՄՆ արգելված է, իսկ ամերիկյան բանկերում ակտիվները` սառեցված:
Օգոստոսի 6-ին հաղորդվեց, որ Սիրիայի վարչապետը հեռացվել է աշխատանքից: Մինչ այդ հաղորդվել էր, որ նախկին Հիջաբը ընտանյոք հանդերձ երկրից փախուստի է դիմել, ընդդիմությանը միանալու համար:
Այսօր` ավելի վաղ, պաշտոնից հեռանալուց հետո առաջին անգամ Հիջաբը Ամմանում մամուլի ասուլիս է տվել: Նա Սիրիայի այլ խոշոր քաղաքական և ռազմական գործիչներին ապստամբներին միանալու կոչ է արել: Նրա խոսքով, Ասադի կառավարությունը կորցրել է Սիրիայի 30%-ի վերահսկողությունը, իսկ նրա վարչակարգին «ռազմական, բարոյական և տնտեսական անկում է սպասվում»:










