ՀՀ ԱԻՆ-ը ձեռք է բերել տարածաշրջանում եզակի կռունկ

14:54 • 14.08.12

Վերջերս Արտակարգ իրավիճակների նախարարությունը փրկարարական աշխատանքների համար ձեռք է բերել նոր` 120 տոննա բեռնունակության ավտոկռունկ, որը եզակի է տարածաշրջանում։


Այս մասին տեղեկանում ենք ԱԻ պաշտոնական կայքից՝ ԱԻ նախարարությունում, նախարար Արմեն Երիցյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած հերթական ամենշաբաթյա խորհրդակցության վերաբերյալ հաղորդագրությունից:
Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների, ինչպես նաև ՀԱՊԿ «Փոխգործակցություն 2012» վարժանքի նախապատրաստական աշխատանքների մասին։


Արմեն Երիցյանը տեղեկացրել է, որ վերջերս փրկարարական աշխատանքների համար ձեռք է բերվել նոր` 120 տոննա բեռնունակության ավտոկռունկ, որը եզակի է տարածաշրջանում։


Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետի տեղակալ Ա. Թովմասյանը զեկուցել է վերջին օրերին Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ՀՀ Սյունիքի մարզի բնակիչների անհանգստության մասին։
Նա հայտնել է, որ ՍՊԱԾ «Հարավային» ՊՈԱԿ-ի աշխատակիցները ելույթ են ունեցել տեղական հեռուստաընկերությունների եթերով և բազմիցս զրուցել բնակիչների հետ` տանելով բացատրական աշխատանքներ։


ԱԻ նախարարը հանձնարարել է մշտապես ուշադրության կենտրոնում պահել հանրային իրազեկման խնդիրները և հնարավորինս կանխել խուճապը։


Շուտով պատրաստ կլինի Արտակարգ իրավիճակների նախարարության պոլիկլինիկան, որը սպասարկելու է նախարարության աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին։ Այնտեղ կլինեն տարբեր պրոֆիլի բժիշկներ, անհրաժեշտության դեպքում`մասնագետներ կհրավիրվեն նաև դրսից։