Լիբանանահայությունը 5000 դոլար կհատկացնի սիրիահայությանը. հաղորդագրություն
«Հայաստան» համահայկական հիմնադրամն օրերս պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որով իրազեկում էր, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահությունը որոշել է բացել դրամական հատուկ հաշիվ` սիրիահայությանն անհրաժետ ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու նպատակով:
Այս մասին տեղեկացնում ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի Լիբանանի գործադիր մարմնից:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ «Հայաստան» հիմնադրամի վերահսկողությամբ, հանգանակված գումարներն ամբողջությամբ կփոխանցվեն Սիրիայի հայ համայնքի Ազգային իշխանության ու սիրիահայ համայնքի օժանդակության համար ստեղծված համակարգող մարմնին, որն այդ գումարները կհատկացնի իր հայեցողությամբ ` առկա հարցերին առավել արդյունավետ լուծում տալու նպատակով:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Լիբանանի գործադիր մարմինը, անսալով սիրիահայությանը օժանդակելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կոչին, լիբանանահայության ջանքերով հանգանակված գումարի 5000 ամերիկյան դոլարը կփոխանցի սիրիահայության օժանդակության համար բացված հատուկ հաշվին:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Լիբանանի գործադիր մարմինը հույս է հայտնում, «Հայաստան» համահայկական հիմնադրամի այլ մասնաճյուղեր նույնպես կհետևեն իր օրինակին և ճակատագրական այս օրերին՝ և՛ նյութապես, և՛ բարոյապես թև ու թիկունք կկանգնեն սփյուռքի մայր գաղութին` համոզված լինելով, որ հզոր սփյուռքը երաշխիքն է հզոր հայրենիքի:










