Էկվադորը Ջուլիան Ասանժին ապաստան կտարամադրի

11:20 • 15.08.12

Էկվադորի նախագահ Ռաֆայել Կոռեան վերջիվերջո համաձայնել է ապաստան տրամադրել WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին, գրում է The Guardian-ը:

 

Այս մասին հայտարարել է մայրաքաղաք Կիտոյում կառավարության բարձրաստիճան մի պաշտոնյա, ով ներկա է գտնվել հարցի վերաբերյալ քննարկումներին:

«Էկվադորն ապաստան կտրամադրի Ջուլիան Ասանժին»,- ասել է նա:

 

Մեկ օր առաջ Կոռեան երկրի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել էր, որ Ասանժին ապաստան տրամադրելու մասին վերջնական որոշում կկայացնի այս շաբաթ: Նա նաև նշել էր, որ նման պատասխանատու որոշում ընդունելուց առաջ հարկավոր է միջազգային օրենքի մասին հսկայածավալ նյութեր ուսումնասիրել:

 

Մոտ 2 ամիս առաջ Ասանժը դիմել էր Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատուն` փորձելով խուսափել Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում է սեռական բնույթի ոտնձգություններ կատարելու մեջ: Չի բացառվում, որ Շվեդիայից Ասանժին կարող են ԱՄՆ ուղարկել, որտեղ նրան ցմահ ազատազրկում է սպառնում:

 

Քաղաքական վերլուծաբանները գտնում են, որ Կոռեան WikiLeaks-ի հիմնադրին ապաստան տրամադրելու վերաբերյալ որոշումն ընդունել է` նպատակ ունենալով 2013թ.-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին իրեն որպես խոսքի ազատության ջատագով ներկայացնել: