Էդվարդ Նալբանդյանն այցելել է Ֆիլիպինների Հանրապետություն
Օգոստոսի 15-ին մեկնարկել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ֆիլիպինների Հանրապետություն, այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից:
ՀՀ ԱԳ նախարարի այցելությունն սկսվել է Ֆիլիպինների Ազգային հերոս Խոսե Ռիզալի հուշարձանին ծաղկեպսակի տեղադրման արարողությամբ, որից հետո Մանիլայի քաղաքապետ Ալֆրեդո Լիմը Էդվարդ Նալբանդյանին հանձնեց քաղաքի խորհրդանշական բանալին:
Մանիլայում Հայաստանի արտգործնախարարին ընդունել է Ֆիլիպինների նախագահ Բենիգնո Աքինոն:
Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Ֆիլիպինների նախագահը կարևորել է դիվանագիտական հարաբերությունների քսանամյակի տարում երկկողմ հարաբերություններին նոր լիցք տալու Հայաստանի նախաձեռնությունը՝ հույս հայտնելով, որ ՀՀ արտգործնախարարի առաջին այցելությունը Ֆիլիպիններ նոր թափ կհաղորդի երկկողմ համագործակցությանը
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը Ֆիլիպինների ղեկավարին փոխանցել է Հայաստանի նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները, և ընդգծել, որ իր այցելության նպատակը ասիական տարածաշրջանում կարևոր դերակատարություն ունեցող երկրի՝ Ֆիլիպինների հետ համագործակցությունը նոր մակարդակի վրա բարձրացնելն է և որ Ֆիլիպինների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ բանակցությունների ընթացքում դրա վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:
Ֆիլիպինների նախագահը Հայաստանի արտգործնախարարին պատմել է երկրում իրականացված քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների արդյունքների և այդ ոլորտներում իրագործվող ծրագրերի մասին:
Արտգործնախարար Նալբանդյանը նախագահ Աքինոյին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ՀՀ մոտեցումները:
Զրույցի ընթացքում մանրամասն անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի:
Նույն օրն ավելի վաղ կայացաել էր Էդվարդ Նալբանդյանի և Ֆիլիպիննների արտաքին գործերի քարտուղար Ալբերտ դել Ռոսարիոյի բանակցությունները, որոնց ընթացքում կողմերը հանգամանալից քննարկում են ունեցել երկկողմ համագործակցության նպատակով ձեռնարկվելիք քայլերի, ասիական, կովկասյան և մերձավորարևելյան տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:
Հայ-ֆիլիպինյան փոխգործակցության ակտիվացման նպատակով նախարարները պայմանավորվել են գործուն քայլեր ձեռնարկել քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական հարաբերությունների, մշակութային փոխանակումների խթանման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման ուղղությամբ:
Քննարկվել են ներդրումների խրախուսման, գիտակրթական, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, առողջապահության, շինարարության, տուրիզմի ոլորտներում փոխգործակցության ձևավորման հնարավորությունները:
Էդվարդ Նալբանդյանն ու Ալբերտ դել Ռոսարիոն մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: Այս ենթատեքստում Ֆիլիպինների ԱԳ նախարարը ներկայացրել է իր երկրի մոտեցումները ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային զարգացումների և ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ: Իր հերթին նախարար Նալբանդյանն իր գործընկերոջը տեղեկացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի մասին:
Հայաստանի և Ֆիլիպինների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև միջազգային օրակարգի մի շարք հարցերի, մասնավորապես՝ մերձավորարևելյան իրադարձություններին:
Բանակցություններից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Ալբերտ դել Ռոսարիոն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ֆիլիպինների Հանրապետության արտաքին գործերի դեպարտամենտների միջև փոխըմբռնման հուշագիրը» և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆիլիպինների Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական կամ պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին համաձայնագիրը»:
Երկու երկրների հարաբերությունների զարգացման նպատակով քայլերի շարունակականությունն ապահովելու նպատակով Ալբերտ դել Ռոսարիոն ընդունել է Էդվարդ Նալբանդյանի՝ Երևան պատասխան այց կատարելու հրավերը:










