Մուսուլմանուհին դատի է տվել Disney-ին՝ գլխաշորի արգելքի համար
Ամերիկյան քաղաքացիական ազատությունների միությունը դատի է տվել Walt Disney Co.-ին՝ ներկայացնելով մի մուսուլմանուհու շահեր, որըպնդում է, թե ընկերության ղեկավարությունը խտրականություն է դրսևորել իր հանդեպ, հայտնում է Washington Post-ը:
Ծագումով Մարոկկոյից 28-ամյա Իման Բուդլալը պնդում է, որ իրեն թույլ չեն տվել հիջաբ՝ մուսուլմանական գլխաշոր կրել Disneyland ռեստորանում աշխատելու ժամանակ: 2009-ին նա ղեկավարությունից համապատասխան թույլտվություն է խնդրել: Նրան պատասխանել են 2 ամիս անց՝ մերժումով:
Disney-ը պնդում է, որ տարբերակներ է առաջարկել իր նախկին աշխատակցուհուն, այդ թվում՝ գլխարկ կրել հիջաբի փոխարեն կամ աշխատել այնպիսի պաշտոնում, որտեղ գլխաշոր կրելը հնարավոր կլիներ, սակայն կինը բոլոր առաջարկները մերժել է:
Disney-ն առաջին անգամ չէ նման խնդրի առաջ կանգնում. 2010-ին տոմսեր վաճառող աշխատակցուհուն պարտադրվել էր գլխաշորի փոխարեն Disney-ի դիզայնով գլխարկ կրել:










