Բերման են ենթարկվել հետախուզման մեջ գտնվող 5 անձինք
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները օգոստոսի 14-ին, ժամը 16.20-ին, Երևան քաղաքի Նորագավիթի 4-րդ փողոցի թիվ 41 տան մոտից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Սուրիկ Խ.-ին, որը ս/թ օգոստոսի 9-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով, այն է` իրացնելու նպատակով խոշոր չափերով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը:
Օգոստոսի 15-ին, ժամը 03.50-ին, Բագրատաշենի մաքսային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Արամայիս Ե.-ն, որը 2011 թ. դեկտեմբերի 29-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:
Օգոստոսի 14-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1973 թ. ծնված Համայակ Ի.-ին, որը ս/թ օգոստոսի 8-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները օգոստոսի 14-ին, ժամը 14.30-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 42 շենքի մոտից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Ալեն Ս.-ին, իսկ Մովսես Խորենացու և Վ. Սարգսյան փողոցների խաչմերուկից` 1989 թ. ծնված Գագիկ Բ.-ին:
Օգոստոսի 14-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողները Սասունցի Դավթի հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վարուժան Ա.-ին:
Պարզվել է, որ նա 2008 թ. նոյեմբերին, Նանսենի փողոցի 19 շենքի բնակարաններից մեկում շինարարական աշխատանքներ կատարելիս, ննջասենյակի պահարանից գողացել է 360.000 դրամ:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:










