Տորոնտոյի քաղաքապետին «բռնացրել» են մեքենա վարելու ժամանակ ընթերցելիս

17:25 • 15.08.12

Տորոնտոյի (Կանադա) քաղաքապետ Ռոբ Ֆորդին «բռնացրել» են ժամում 70 կմ արագությամբ մեքենա վարելու ժամանակ ընթերցելիս, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով The Toronto star թերթին:  Քաղաքապետին կարդալու պահին լուսանկարել է ոմն Ռայան Հոթո, ով լուսանկարն այնուհետ տեղադրել է Twitter-ում:

Ավելի ուշ այլ թեմայով հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողները հետաքրքրվել են քաղաքապետից, թե իսկապե՞ս նա ընթերցել է վարելիս: «Հնարավոր է: Փորձում եմ աշխատանքի ժամանակ բաց թողածս վերականգնել` աչքս պահելով ճանապարհին: Ես զբաղված մարդ եմ»,- ասել է քաղաքապետը:

Իսկ լրագրողի այն հարցին, թե պաշտոնյան, արդյոք, վտանգավոր չի՞ համարում դա, նա պատասխանել է. «Ես զբաղված մարդ եմ»:

 

 Տորոնտոյի ոստիկանությունը, չունենալով պաշտոնյային պատժելու հնարավորություն, նրան խորհուրդ է տվել վարորդ պահել: «Տորոնտոյի բոլոր բնակիչների անունից, պարոն քաղաքապետ, խնդրում ենք վարորդ պահել»,- ասվում է գերատեսչության Facebook-ի էջում տեղադրված հայտարարության մեջ:


Սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքապետը երթևեկության կանոնները խախտելու համար հայտնվում է ուշադրության կենտրոնում: Նախորդ ամիս նա քշել էր բաց դռներով տրամվայի կողքով, երբ պետք է սպասեր, մինչ տրանսպորտային միջոցը փակեր դռները: Իսկ նախորդ տարի նրան նկատել են վարելու ժամանակ բջջային հեռախոսով խոսելիս: