ԱՄՆ-ն «համաներում» է խոստանում ընդդիմության կողմն անցած սիրիացի քաղաքական գործիչներին
Սիրիայի նկատմամբ Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցները չեն առնչվի սիրիացի այն քաղաքական գործիչներին, որոնք անցել են կամ կանցնեն ընդդիմության շարքն ու կլքեն երկիրը: Ի դեպ, նրանք պատասխանատվության չեն ենթարկվի պետկառավարման ժամանակ գործած արարքների համար: Այս մասին, «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
Ամերիկյան իշխանությունները պատժամիջոցների ցանկից հանել են Սիրիայի նախկին վարչապետ Ռիյադ Հիջաբին, ով նախորդ շաբաթվա սկզբին ընտանիքի հետ փախել էր Հորդանան` համալրելով ընդդիմության շարքերը:
Ներկայում ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում ընդգրկված է մոտ 30 սիրիացի բարձրաստիճան պաշտոնյա: Վերջիններիս արգելվում է մուտք գործել ԱՄՆ, իսկ ամերիկյան բանկերում նրանց ակտիվները սառեցված են:
«Հիջաբը հանվել է պատժամիջոցների ցանկից, քանի որ նա այլևս ռեժիմի (նախագահ Բաշար Ասադի-Tert.am) անդամ չէ: Նա փախել է և այժմ Սիրիայում ժողովրդավարական բարեփոխումների կոչ է անում, այդ իսկ պատճառով նրա նկատմամբ պատժամիջոցները հանվել են»,- ասել է Նուլանդը:










