Հալեպի հյուպատոսարանը ՀՀ անձնագրեր ստանալու համար փաստաթղթեր չի վերցնում

18:10 • 15.08.12

Հալեպում Հայաստանի Հանրապետության հյուպատոսարանը արդեն 8–րդ օրն է՝ սիրիահայերից ՀՀ քաղաքացիության հետ կապված փաստաթղթեր չի ընդունում, այս մասին Tert.am-ին փոխանցում են սիրիահայ համայնքից:



Հիշեցնենք, որ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի առաջարկով հուլիսի 26-ին Կառավարությունը որոշում ընդունեց հեշտացնել Սիրիայի և Լիբանանի հայազգի քաղաքացիներին ՀՀ անձնագրեր տրամադրելու գործընթացը: Այսինքն՝ առանց մուտքի վիզային ռեժիմով երկիրը մուտք գործելը:

 

Գործող կարգով` եթե այլ երկրի քաղաքացին դիմում է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու խնդրանքով, ապա անձնագիր տրամադրվում է ՀՀ ոստիկանության վիզաների և անձնագրերի վարչությունում:

 

Որոշվել էր, որ այդ աձնագրերը կարող են տրամադրվել նաեւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական հիմնարկներում` ներկայացուցչություններում և հյուպատոսարաններում:

 

«Կառավարության որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով նախատեսված կարգով, պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից»,- Tert.am-ի հետ զրույցում այս կերպ մեկնաբանեց արտասահմանում գտնվող Արտաքին գործերի նաարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու այդ փաստաթղթերը չեն ընդունվում:

 

Այսինքն՝ դատելով Տ. Բալայանի պատասխանից, այս կարգը դեռ ուժի մեջ չի մտել:

 

Կառավարության մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից պատասխան ստանալ չհաջողվեց, քանի որ նրա հեռախոսն անհասանելի էր:

 

Ինչպես Tert.am-ին հաղորդել էր սիրիահայ մեր հայրենակիցներից մեկը, մուտքի արտոնագիր ստացել էր ոչ թե սահմանին, այլ Հալեպում՝ վճարելով 40 ԱՄՆ դոլար (չորս ամսվա համար է):