Արգենտինայում մեկնարկել է տանգոյի ամենամյա փառատոնը

10:35 • 15.08.12

Արգենտինայում մեկնարկել է տանգոյի ամենամյա փառատոնը, որի կազմակերպիչն է Բուենոս Այրեսի կառավարությունը, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը: Փառատոնի շրջանակում կանցկացվեն տարբեր ցուցահանդեսներ, համերգներ, հայտնի պարողների կողմից վարպետության դասընթացներ:


Այս տարի փառատոնը նվիրվում է հայտնի արգենտինացի երաժիշտ և երգահան Աստոր Պիացոլայի գործունեությանը: Տարբեր համերգների ժամանակ կհնչեն նրա ստեղծագործությունները: Բացի դա, կգործի «Պիացոլինա» կոչվող մշտական ցուցադրություն:

 

Պիացոլան ծնվել է արգենտինական Մար-դել- Պլատա քաղաքում, 1921թ.-ին: Նրա ստեղծագործական գործունեությունը  հեղափոխություն մտցրեց ավանդական տանգոյում` դրան հաղորդելով ջազային մոտիվներ ու դասական երաժշտության տարրեր: Նա նաև հայտնի է բանդոնեոնի վրա վիրտուոզ խաղով, գործիք, առանց որի հնարավոր չէ պատկերացնել տանգոն:


Օգոստոսի 20-ին փառատոնը սահուն կերպով կվերածվի տանգոյի աշխարհի առաջնության, որին կմասնակցի մոտ 500 զույգ` աշխարհի տարբեր երկրներից: Զույգերը կմրցեն երկու անվանակարգերում` սրահային և բեմական տանգո: