Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Լիտվայի դեսպանի հետ

15:22 • 15.08.12

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Գիեդրիուս Ապուոկասին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում, տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

 

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած աշխատանքի համար:

 

«Ակնհայտ է, որ Ձեր գործունեությունը լուրջ ազդեցություն է ունեցել հայ-լիտվական կապերը նոր մակարդակի բարձրացնելու, ինչպես նաև ամրապնդելու գործում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

 

Կողմերը բարձր են գնահատել տարբեր բնագավառներում, մասնավորապես, ռազմական, մշակութային և կրթական ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը և վստահություն հայտնել, որ այդ աշխատանքները կլինեն շարունակական:

 

Միաժամանակ, զրուցակիցները նշել են, որ հայ-լիտվական առևտրատնտեսական հարաբերությունները դեռևս գտնվում են անբավարար մակարդակի վրա՝ չնայած առկա ներուժին: 

 

Գիեդրիուս Ապուոկասը տեղեկացրել է, որ լիտվական մի քանի ընկերություններ հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հայկական կողմի գործընկերների հետ համագործակցությամբ:

 

Տիգրան Սարգսյանը և դեսպանը հույս են հայտնել, որ այդ հետաքրքրությունը կհանգեցնի Հայաստանում լրացուցիչ ներդրումների ներգրավմանը:



Հանդիպման ավարտին վարչապետը Գիեդրիուս Ապուոկասին հաջողություններ է մաղթել հետագա գործունեության մեջ: