Շախմատի տան հարակից ծառերը հատվել են Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ (լուսանկարներ)

17:45 • 15.08.12

Օղակաձևով զբոսայգու Շատխմատի տան հարակից հատվածի ծառերը հատվել են Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության ղեկավարի թույլտվությամբ, Tert.am-ին այս մասին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:


Արթուր Գևորգյանը վստահեցրեց, որ ծառերն իրենցից վտանգ են ներկայացրել: «Դրանք բոլորն էլ եղել են անկման վտանգի տակ կանգնած բարդիներ: Պետք է նշեմ, որ բարդիների անկման վտանգը ընդհանրապես բավական մեծ է: Իրենցից վտանգ ներկայացնող ծառերի մասին ահազանգել էին և՛ այդ տարածքի բնակիչները, և՛ այդ տարածքի վարձակալները»,- ասաց նա և ավելացրեց, որ այդ ահազանգից հետո են ծառերի հատման աշխատանքները իրականացվել։


Նշենք, որ այսօր Bestblog.am կայքը տեղեկացրել է, որ Շախմատի տան հարակից այգում կտրվել են մոտ 6-7 հատ հաստաբուն ծառեր:


Արթուր Գևորգյանը նաև վստահեցրեց, որ հատված 6-7 ծառերի փոխարեն աշնանը այգում տնկվելու է 15 ծառ: Նրա խոսքով՝ տարածքն արդեն ոռոգման ջրով ապահովված է, ինչը ևս նշանակում է, որ ամեն ինչ պատրաստ է այգու խնամքը պատշաճ կերպով կատարելու համար:


Արթուր Գևորգյանն ընդգծեց, որ այդ տարածքը որևէ մեկին չի տրվելու: «Այդտեղ կրկին լինելու են բացառապես ծաառեր»,-ասաց նա: