Սիրիացիները սննդամթերքի, ջրի և բժիշկների պակաս են զգում. ՄԱԿ
Սիրիայի բնակիչները սննդամթերքի, ջրի և բժիշկների պակաս են զգում: Այս մասին հայտարարել է այցով Դամասկոսում գտնվող ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Վալերի Ամոսը:
«Մարդիկ, որոնց հետ ես այսօր հանդիպեցի, ասում են, որ նրանք մաքուր ջրի, սննդի, բուժօգնության և սանիտարական պայմանների բարելավման կարիք ունեն: Նրանք վախեցած են: Նրանցից շատերը զրկվել են օթևանից ու մեծ օգնության կարիք են զգում»,- ասել է Ամոսը` Դամասկոսի դպրոցներ այցից հետո, որտեղ թաքնվում են մարտական գործողությունների հետևանքով անօթևան մնացած հարյուրավոր մարդիկ:
Ինչպես հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը, ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման վարչությունից հայտնել են, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը հանդիպումներ է ունեցել Սիրիայի նորանշանակ վարչապետ Ուաել Նադեր ալ Հալքիի, փոխարտգործնախարար Ֆեյսալ Մեքդադի ու Ազգային հաշտեցման պետնախարար Ալի Հայդարի հետ:
Ամոսը հանդիպում է ունեցել նաև սիրիական Կարմիր մահիկի ներկայացուցիչների հետ:
ՄԱԿ-ին հատկապես մտահոգում է Սիրիայի առողջապահության հարցը: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների` սիրիական Հալեպ քաղաքում մարտերը հանգեցրել են դեղամիջոցների խիստ անբավարարության, քանի որ երկրի դեղագործական գործարանների մեծ մասը կենտրոնացած է հենց այս քաղաքի մոտակայքում:
Սիրիայի քաղաքացիներին շտապ հարկավոր են տուբերկուլյոզի, հեպատիտի, հիպերտոնիայի, շաքարախտի և քաղցկեղի դեմ դեղամիջոցներ:










