Էկվադորը Ասանժին ապաստան է տրամադրել
Էկվադորը համաձայնվել է ապաստան տալ Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին, ով այժմ թաքնվում է բրիտանական իշխանություններից և գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան շենքում:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այդ մասին հայտարարել է Էկվադորի արտգործնախարար Ռիկարդո Պատինոն:
Ավստրալիայի քաղաքացի Ասանժը հունիսից գտնվում է Էկվադորի դեսպանատանը, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնվելուց, որտեղ նրան սեռական հանցագործության մեղադրանք է առաջադրվել:
Չի բացառվում, որ այնտեղից նրան կարող են ուղարկել ԱՄՆ, որտեղ նրան առաջադրվել է լրտեսության և գաղտնի տեղեկությունների հրապարակման մեղադրանք:
Բրիտանիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրավաբանորեն Լոնդոնը պարտավոր է արտահանձնել Ասանժին, ուստի Էկվադորի դեսպանատան դիվանագիտական կարգավիճակն անգամ կարող է չեղյալ համարվել:
Երեկ նույնպես տեղեկություններ էին տարածվել Ասանժին ապաստան տալու վերաբերյալ, սակայն Էկվադորի նախագահ Ռաֆայել Կոռեան հերքել էր այդ տեղեկությունը: Երեկ Բրիտանիայի ոստիկանությունը փորձել էր մուտք գործել Էկվադորի դեսպանատուն, իսկ այսօր արդեն դեսպանատան շենքի մոտ Ասանժի կողմնակիցների և ոստիկանության միջև բախում էր եղել, ինչի հետևանքով 3 մարդ էր ձերբակալվել:










