Լոնդոնում ձերբակալվել է Ասանժի 3 կողմնակից
Լոնդոնում Էկվադորի դեսպանատան մոտ ձերբակալվել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի 3 կողմնակից, հայտնում է Associated Press-ը` վկայակոչելով բրիտանական ոստիկանությանը:
Ձերբակալության պատճառների մասին ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ չի նշվում, սակայն ականատեսների պնդմամբ` նրանք ձերբակալվել են, քանի որ հրաժարվել են ոստիկանների պահանջով ազատել դեսպանատան հարակից փողոցը: Բրիտանական լրատվամիջոցների համաձայն էլ` Ասանժի կողմնակիցները սկսել են վանկարկել.«Դուք փորձում եք պատերազմ սկսել Էկվադորի դեմ», ինչից հետո ոստիկանները որոշել են հեռացնել նրանց:
Ասանժի կողմնակիցները սկսել են հավաքվել դեսպանատան մոտ, երբ բրիտանական ոստիկանությունը սպառնացել էր գրոհով վերցնել դիվանագիտական ներկայացուցչությունը, եթե այն չհանձնի WikiLeaks-ի հիմնադրին:
Ասանժն Էկվադորի դեսպանատանն է թաքնվում հունիսի 19-ից: Նա այս երկրից խնդրել է քաղաքական ապաստան տրամադրել իրեն: Լոնդոնյան դատարանի որոշմամբ` Ասանժը կարտահանձնվի Շվեդիային, որտեղից նրան կարող են ուղարկել ԱՄՆ, իսկ Միացյալ Նահանգներում նրա նկատմամբ առաջադրվել է լրտեսության և գաղտնի տեղեկությունների հրապարակման մեղադրանք:
Արդյո՞ք Էկվադորը քաղաքական ապաստան կտրամադրի Ասանժին, հայտնի կդառնա ավելի ուշ: Իսկ բրիտանական արտգործնախարարությունից հայտնել են, որ անկախ Էկվադորի որոշումից` Ասանժին Ստոկհոլմ արտահանձնելը Մեծ Բրիտանիայի պարտականությունն է:










