Ախալցխայի Ռաբատ բերդահամալիրում կբացվի Շառլ Ազնավուրի աստղը
Վրաստանի մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարության որոշմամբ, Ախլցխայում օգոստոսի 16-ին, Ռաբատ բերդահամալիրում կբացվի հռչակավոր շանսոնյե և Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի աստղը, հաղորդում է REGNUM գործակալությունը:
Վրաստանի մշակույթի նախարարության միջոցառումների դեպարտամենտի ղեկավար Մարինա Բերիձեն հայտարարել է, որ Ախալցխան և Ռաբատ ամրոցը այնքան հատուկ և պատմական նշանակություն ունեն, և այնքան կարևոր է Շառլ Ազնավուրի ժամանումը, մանավանդ, որ նա ծննդով այնտեղից է, որ գերատեսչությունը որոշել է նրան այնտեղ աստղ բացել: «Ես հպարտ եմ նրանով, որ Ազնավուրի համերգը կեզրափակվի աստղի բացմամբ: Հուսով եմ, որ այստեղ, այս միջավայրում, կկայանան շատ հետաքրքիր համերգներ համաշխարհային մեծության աստղերի մասնակցությամբ», - հայտարարել է Բերիձեն:
Սակայն պետք է նշել, որ վերջին շրջանում Վրաստանի մշակութային գործիչները սկսել են այլատյացության նշաններ դրսևորել: Վրացի ռեժիսոր Քեթի Դոլիձեն իր ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տեղադրել, որտեղ կարծիք է հայտնել, որ ֆրանսահայ երգիչ-երգահան Շառլ Ազնավուրի հրավերը Վրաստան, ինչպես նաև նրա համերգը Ախալցխայում, վկայում է այն մասին, որ «այդ շրջանը (Ախալցխան) պատկանում է Հայաստանին»:
«Դա պետք է կանգնեցնել: Ես այլատյաց չեմ, սակայն Ազնավուրի հրավերն ու նրա համերգով ամրոցի բացումը («Ռաբատ» համալիրի բացումը ) և այլն, ընդգծում են հետևյալը, որ սա Հայաստանի շրջանն է: Մի’շա (նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին), ո՞ւմ ես դու խաբում, չէ՞ որ դու «Ջավախքի» սիրելի կերպարն ես»,- գրել է ռեժիսորը:
Ինչպես հայտնի է, Ռաբատ ամրոցը թվագրվում է 9-րդ դարով և ամբողջությամբ վերականգնվել ու սկզբնական տեսքի է բերվել:
Ամրոցում զբոսաշրջային համալիրներ են տեղակայվել` հյուրանոցներ, սրճարաններ: Ամրոցի վերականգնման համար Վրաստանի պետբյուջեից տրամադրվել է 26 մլն լարի (մոտ 15մլն դոլար): Ռաբատի տարածքը մոտ 7 հեկտար տարածք է ընդգրկում: Այստեղ հանդիպում են վրացական, հայկական, արաբական, բյուզանդական, թուրքական և ռուսական ճարտարապետության նմուշներ:
Բերդահամալիրում Սուրբ Մարինա ուղղափառ եկեղեցու հետ մեկտեղ կան նաև կաթոլիկ եկեղեցի, մզկիթ, սինագոգ և հայկական եկեղեցի:










