Եգիպտոսի նախագահը 1980թ. հետո առաջին անգամ կայցելի Իրան
Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին մտադիր է մասնակցել Չմիացման շարժման (ՉՇ) գագաթաժողովին, որը պետք է կայանա օգոստոսի 30-ին Իրանի մայրաքաղաքում, այսօր այս մասին հաղորդել է Եգիպտոսի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Մուրսիի այցը Թեհրան Եգիպտոսի նախագահի առաջին այցը կլինի Իրան՝ սկսած 1980թ. երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների խզումից` Կահիրեի կողմից Իսրայելի հետ խաղաղ համաձայնագիր կնքելուց հետո:
Ներկայում Կահիրեի և Թեհրանի միջև պաշտոնական հարաբերությունները գտնվում են երկու երկրների մայրաքաղաքներում տեղակայված, քաղաքացիների շահերի պաշտպանության հատուկ բյուրոների մակարդակի վրա:
Օգոստոսի սկզբին եգիպտական մայրաքաղաքում ներկա գտնվեց Իրանի փոխնախագահ Համիդ Բակաին, ով Մուրսիին փոխանցեց Իրանի նախագահի պաշտոնական հրավերը բարձրագույն մակարդակով Չմիացման շարժման հանդիպմանը ներկա գտնվելու համար:
Առաջիկա գագաթաժողովին Եգիպտոսը, որը վերջին երեք տարիների ընթացքում ներկայացնում է Չմիացման շարժումը, պետք է, հաջորդ եռամյա ժամանակահատվածի համար, կառույցի ղեկավարի իր իրավասությունները փոխանցի Իրանին:
Ինչպես նշում են տեղի ԶԼՄ-ները, նախօրեին Մեքքայում ավարտված Իսլամական համագործակցության կազմակերպության հանդիպման ավարտին, դրան մասնակցող Իրանի և Եգիպտոսի նախագահները «տասնամյակների ընքացքում առաջին անգամ ձեռքսղմում են փոխանակել»:
Միևնույն ժամանակ Եգիպտոսի նախագահի աշխատակազմում նշում են, որ Մուրսիի այցը Թեհրան սահմանափակված է բացառապես նրա ՉՇ գագաթաժողովին մասնակցությամբ, և եգիպտա-իրանական հարաբերությունների լիակատար վերականգնման մասին դեռ խոսք լինել չի կարող:










