Ամերիկացին սիրելիին ամուսնության առաջարկ է արել` կազմակերպելով ռոմանտիկ ֆլեշմոբ (տեսանյութ, լուսանկարներ)

17:16 • 16.08.12

Ամերիկյան Բոսթոն քաղաքի Ջեք անունով մի բնակիչ իր ընկերուհի Թերեզա Էլսիին ամուսնության առաջարկ անելու համար հուզիչ ֆլեշմոբ է կազմակերպել, գրում է The Daily Mail-ը: Սիրահար երիտասարդի մտահղացմամբ` նրա 2 եղբայրները խնդրել են անցորդներին միաժամանակ մոտենալ  աղջկան ու նրան նվիրել իրենց կողմից բաժանված 300 սպիտակ ու վարդագույն մեխակները:


Ամեն ինչ սկսվում է նրանից, երբ ամենից անտեղյակ աղջիկը գալիս է ժամադրության վայր` Ժամանակակից արվեստի ինստիտուտի շենքի մոտ: Երբ նրան է մոտենում մեխակ նվիրել ցանկացող առաջին անցորդը, աղջիկը հրաժարվում է, սակայն երբ նրան տարբեր կողմերից մոտենում են միանգամից մի քանիսը` ձեռքներին մեկական մեխակ, աղջիկը սկսում է վերցնել բոլորի տվածը:


Շուտով Թերեզային է մոտենում նաև նրա ընկերը` Ջեքը: Նա օգնում է ընկերուհուն հավաքել ծաղիկները` այնպիսի դեմք ընդունելով, թե, իբր, չի հասկանում ինչ է կատարվում:

 

Երիտասարդը ֆլեշմոբից հետո լրագրողներին պատմել է, որ այս քայլով ցանկացել է ամուսնության առաջարկ անել իր ընկերուհուն Ժամանակակից արվեստի ինստիտուտի շենքի մոտ, քանի որ հենց այդ վայրն են նրանք այցելել առաջին ժամադրության ժամանակ, գրում է The Daily Mail-ը:



Դեպի ինստիտուտ ճանապարհին զույգին են մոտենում անցորդներն ու աղջկան նվիրում ծաղիկներ:

 

Արդեն շենքի մոտ Ջեքն աննկատ լքում է Թերեզային և վերադառնում արդեն կոստյումով ու երաժշտության ուղեկցությամբ:Նա սիրելիին նստեցնում է մոտակա նստարանին ու խոսափողով հարցնում, թե կամուսնանա՞ իր հետ: «Իհարկե»,- պատասխանում է երջանիկ աղջիկը:

 

Նրանք ներկաների ծափահարությունների ներքո համբուրվում են ու հեռանում` իրադարձությունը ռոմանտիկ վայրում նշելու համար: Ի դեպ, երջանկությունից գլուխը կորցրած աղջիկը մոռանում է իր հետ վերցենլ մեխակների ծաղկեփունջը: