Վանո Սիրադեղյանի մեծ հիասթափության մասին վկայող այս նամակն ուղղված է թե՛ ՀՀ իշխանություններին, թե՛ Կոնգրեսին. Սուրեն Սիրունյան
ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի նախկին թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը, կարդալով այսօր «Հրապարակ» օրաթերթում տպագրված Վանո Սիրադեղյանի նամակը՝ հասցեագրված օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին, համոզմունք է հայտնում, որ նամակը գրված է 12 տարի Հայաստանից բացակայող ՆԳ նախկին նախարարի ձեռքով:
«Ձեռագիրը Վանո Սիրադեղյանինն ա, ես կարող եմ պնդել, որ դա այդպես է: Եվ այս նամակով ևս մեկ անգամ ապացուցվեց այն, որ ես ասում էի՝ մենակ հիմարները կհավատան, որ Վանոն չկա»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Սիրունյանը:
Այն, որ ձեռագիրն ու նամակը Սիրադեղյանինն է, հարյուր տոկոսով համոզված է նաև օրաթերթի գլխավոր խմբագիրը: Ինչպես Tert.am-ի հետ զրույցում նշեց Արմինե Օհանյանը, նման համոզվածության գալուց առաջ մի քանի օր շարունակ ձեռագրաբանական ինքնուրույն փորձաքննություն են իրականացրել՝ Վանո Սիրադեղյանի մտերիմներից խնդրելով նրա ձեռքով գրված տարբեր նամակներ ու գրություններ, և տող առ տող, բառ առ բառ, ստորակետ առ ստորակետ դրանք համեմատել են:
«Իրեն ճանաչող, իր ոճին ծանոթ մարդկանց հետ քննարկել ենք նամակը: Եվ եթե մեկնումեկը կասկածում է՝ կարող է նշանակել դատաձեռագրաբանական փորձաքննություն և համոզվել, որ նրա ձեռագիրն է»,- ասաց Արմինե Օհանյանը:
Նշենք, որ Վանո Սիրադեղյանի վերադարձի ստորագրահավաքի կազմակերպիչ Վարդուհի Սիմոնյանը Ֆեյսբուքում՝ «Ելք» իրավական-հասարակական կազամակերպության էջում, արդեն գրել է, թե շատ լուրջ կասկածներ ունի, որ նամակը Սիրադեղյանինն է:
Արմինե Օհանյանն ի պատասխան վերոնշյալի՝ նկատեց. «Այսինքն, ի՞նչ է ասում Վարդուհի Սիմոնյանը, որ ինքը (Վանո Սիրադեղյանը-Tert.am ) ողջ չի՞, թե՞ կենդանի է, բայց ինքը չի նամակը գրել: Թվում է՝ ինքը պետք է ուրախանար, ողջուներ այդ նամակի ի հայտ գալը և հայտարարեր՝ «տեսաք, ես ասում էի, որ ինքը ողջ է»: Հիմա, փաստորեն ինքը հակառակն է ասում: Ի՞նչն է պատճառը, «սեփականաշնորհե՞լ է» Վանո Սիրադեղյանին, թե՞ անպայման իրեն պետք է գրեր այդ նամակը»:
Ինչևէ, Արմինե Օհանյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է ստացել այդ նամակը. «Դրա ստացման եղանակն ու հասցեն հրապարակել ես պարտավոր չեմ ու իրավասու չեմ, բայց վստահեցնում եմ, որ դա արժանահավատ է»,- ասաց «Հրապարակ»-ի գլխավոր խմբագիրը:
Նշենք, որ օգոստոսի 7-ով թվագրված նամակում, Վանո Սիրադեղյանը գրում է, թե ձգտում է իրեն առավելագույնս մեկուսացնել Հայաստանի անցուդարձից. «Հատկապես՝ քաղաքական կոչվածից: Հատկապես՝ վերջին տարիներս»: Այն աստիճան, որ այս տասներկուսուկես տարիներին Վանո Սիրադեղյանը, թեկուզև մեկ րոպե հայաստանյան հեռուստաալիք չի նայել, «եթե չհաշվենք այն հազվադեպ ակնթարթները, երբ ալիք փոխելիս անզգուշաբար դիպչել եմ հայերենին»,- գրել է Վանո Սիրադեղյանը՝ հավելելով, որ դա անում է «հիգիենիկ նկատառումներով» ու կրկին ավելացրել ՝«Երևի դրա շնորհիվ է, որ այսքան «երկարակյաց եմ»:
Ինչ վերաբերում է իր վերադարձի համար ծավալվող ստորագրահավաքին, ապա գրել է, որ իր առաջին մղումը՝ «Դադարեցրեք դա՛» վերնագրով նամակ գրելն է եղել, բայց առավոտյան պատռել է նամակը՝ հասկանալով, որ նման արձագանքը «կոպիտ ու անշնորհակալ կեցվածք է թեկուզև 1 ստորագրողի հանդեպ:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ «մեսիջներ» է իր նամակով ուղարկում Վանո Սիրադեղյանը, եթե, իհարկե, նա է հեղինակը, Սուրեն Սիրունյանը նշեց, որ իր կարծիքով՝ մեծ հիասթափության մասին վկայող այս նամակն ուղղված է թե՛ ՀՀ իշխանություններին, թե՛ Կոնգրեսին:
«Մարդու մոտ, իրոք, կա նեղացվածություն, մարդ, ով միշտ անտեսվել է, թե՛ իր շրջապատի, և թե՛ այն քաղաքական թիմի կողմից, որտեղ եղել է: Նաև ինձ թվում է՝ նեղված է ժողովրդից, քանի որ նա այն քաղաքական գործիչն էր, որ իր ամենօրյա աշխատանքով շփվում էր մարդկանց հետ ու ինձ թվում է՝ նեղվածությունը առաջանում է էն վերաբերմունքից, որ ունեցել է էս երկրի ու պետության հանդեպ»,-մեկնաբանեց Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետը:
Ինչ վերաբերում է Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին հայտարարված ստորագրահավաքին, ապա Սուրեն Սիրունյանի պատկերացմամբ, Սիրադեղյանն այս հարցում ունի չեզոք վերաբերմունք:
Լուսանկարը՝ Hraparak.am կայքի










