Ասանժը կարող է շարունակել նախկին գործունեությունն Էկվադորում, եթե…

10:59 • 17.08.12

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կարող է շարունակել իր գործունեությունն Էկվադորում, եթե հաջողվի վերջինիս դուրս բերել Մեծ Բրիտանիայից: Այս մասին BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է հարավամերիկյան այս երկրի արտգործնախարար Ռիկարդո Պատինյոն:

 


«Էկվադորն Ասանժի առաջ միջազգային իրավունքի վրա հիմնված պայմաններ է դրել: Դրանցից մեկի համաձայն` նա չի կարող քաղաքական հայտարարություններ անել, որոնք կարող են բացասական կերպով անդրադառնալ Էկվադորի ու նրա դաշնակիցների հարաբերությունների վրա»,- ասել է արտգործնախարարը: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Ասանժը «հնարավորություն կունենա շարունակել WikiLeaks-ի հետ կապված աշխատանքը կամ զբաղվել այլ գործով»:

Ըստ նախարարի` Էկվադորն Ասանժին Մեծ Բրիտանիայից դուրս բերելու ելք կփնտրի` հիմնվելով միջազգային իրավունքի վրա: «Միացյալ Թագավորության իշխանությունները պետք է Ասանժին անվտանգ ելք տրամադրեն դեպի Էկվադոր` հարգելով մեր երկրի սուվերեն որոշումը: Եթե նրանք հրաժարվեն, ապա մենք միջազգային իրավունքի շրջանակում դա անելու այլ մեթոդներ կփնտրենք»,- ասել է նա:


Նախարարի խոսքով` Էկվադորի դիրքորոշմանն այս հարցում աջակցում են Արգենտինայի, Բոլիվիայի, Վենեսուելայի, Պերուի ԱԳ նախարարները:

 

Նախօրեին Էկվադորի իշխանությունները քաղաքական ապաստան են տրամադրել Ասանժին, ով հունիսի 19-ից թաքնվում է Լոնդոնում այս երկրի դեսպանատանը: Սա զայրացրել է Լոնդոնին: Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ Լոնդոնը երկրից անվտանգ ելքի իրավունք չի տրամադրի Ասանժին: