Նորվեգիայի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից` Բրեյվիկի գործի հետաքննության արդյունքում

08:31 • 17.08.12

Նորվեգիայի ոստիկանապետ Օյսթեն Մելանդը հրաժարական է տվել Անդերս Բրեյվիկի գործի անկախ հետաքննության արդյունքում, հայտնում է Agence France-Presse-ը:


Տասն անկախ փորձագետներից կազմված նորվեգական հանձնաժողովն անցկացրած հետաքննության արդյունքում եկել էր այն եզրակացության, որ Օսլոյի կառավարական թաղամասում Անդերս Բրեյվիկի իրականացրած ահաբեկչությունը կարելի էր կանխել, եթե գոյություն ունեցող նախազգուշական միջոցառումները կիրառվեին առավել արդյունավետ:

Հանձնաժողովի համաձայն` հանցագործին հնարավոր էր կանգնեցնել մինչ կառավարական թաղամասում պայթյունը: Փորձագետները նաև քննադատել էին ոստիկանությանը` ցուցաբերած դանդաղաշարժության համար, որի պատճառով չհաջողվեց պաշտպանել Ուտոյա կղզում գտնվող երիտասարդներին:

Անկախ հանձնաժողովը ստեղծվել էր վարչապետ Ենս Սթոլթենբերգի կողմից, ահաբեկչություններից անմիջապես հետո:
 

«Եթե Արդարադատության նախարարությունն ու այլ գերատեսչություններ ինձ հասկացնել են տալիս, որ չեն վստահում ինձ, ես չեմ կարող շարունակել աշխատել»,- ասել է նա:


Բրեյվիկը մեղադրվում է նախորդ տարվա հուլիսի 22-ին մայրաքաղաք Օսլոյի կառավարական թաղամասում պայթյուն իրականացնելու և Ուտոյա կղզում Նորվեգիայի աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարի ուղղությամբ կրակահերթ բացելու մեջ, որոնց հետևանքով զոհվել է 77 մարդ: Ապրիլի 16-ից հունիսի 22-ն Օսլոյի դատարանում անցկացվել է նրա գործով դատալսում: Հաղորդվում է, որ դատավճիռը կհրապարակվի օգոստոսի 24-ին:

 

Մելանդը ոստիկանապետ էր նշանակվել ահաբեկչություններից ընդամենը օրեր առաջ: