ԱՄՆ-ում էկրան կբարձրանա Ուիթնի Հյուսթոնի մասնակցությամբ վերջին ֆիլմը (տեսանյութ)

12:13 • 17.08.12

Հանրահայտ երգչուհի և դերասանուհի Ուիթնի Հյուսթոնի մասնակցությամբ վերջին ֆիլմն այսօր կբարձրանա ԱՄՆ մեծ էկրան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Sparkle երաժշտական դրամայում նա կատարել է գլխավոր դերերից մեկը: Ֆիլմի նկարահանումներն ավարտվել են Հյուսթոնի հանկարծահաս մահից 3 ամիս առաջ: Այս ամիս կլրանար երգչուհու 49-ամյակը:


Ռեժիսոր Սալիմ Աքիլայի այս աշխատանքը 1976թ.-ին էկրան բարձրացած ու երիտասարդ Հյուսթոնի սիրտը գրաված ֆիլմի նոր տարբերակն է: Ֆիլմի հին տարբերակում պատմվում է Հարլեմում բնակվող երեք քույրերի մասին, որոնք մեծացել են առանց հոր և դարձել հանրահայտ` չդիմանալով, սակայն, փառքի «ծանրությանը»:


Ռեժիսորը 1950-ականների Հարլեմի գործողությունները տեղափոխել է 60-ականների Չիկագո, որտեղ տաղանդավոր երիտասարդ երգչուհին նարկոդիլերի զոհն է դառնում:
Քննադատներն այս դերն անվանել են Հյուսթոնի «կարապի երգը», քանի որ սցենարը որոշ նմանություններ ունի երգչուհու իրական կյանքին:

 

Ֆիլմում կհնչի Հյուսթոնի և ֆիլմի գլխավոր դերակատար, ամերիկյան էստրադայի նորահայտ աստղ Ջորդին Սփարքսի զուգերգը: Ամերիկյան չափանիշերով ֆիլմի բյուջեն բավականին համեստ է` 17 մլն դոլար:

 

Հանրահայտ երգչուհին մահացել էր այս տարվա փետրվարին, Beverly Hilton հյուրանոցի իր սենյակում: