Միխայիլ Գալուստյանը Pussy Riot-ին համարում է Արևմուտքի խաղաքարը

13:17 • 17.08.12

Pussy Riot սկանդալային խմբի անդամներն արժանի են հասարակության պարսավանքին, նրանք պետք է ազատ արձակվեն կալանքից, արտաքսվեն երկրից ու հեռացվեն եկեղեցու, այս մասին Twitter-ում գրել է հայտնի դերասան ու շոումեն Միխայիլ Գալուստյանը: 

 


«Պետք է բանտ նստեցնել ոչ թե թմրամոլին, այլ թմրանյութ վաճառողին: Մոլախոտը պետք է արմատից պոկել: Ես դատավոր չեմ, և իմ կարծիքը սուբյեկտիվ է»,- գրել է դերասանը:


Նրա կարծիքով` աղջիկներին բանտ նստեցնելով բան չի փոխվի: «Պետք է նրանց բաց թողնել ու արտաքսել երկրից` կտրելով եկեղեցուց, ինչպես, ասենք, վարորդական իրավունքից զրկում են հարբած վարորդին»,- գրել է նա:

 

 


Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայի Խամովնիչեսկիի դատարանում կհրապարակվի խմբի անդամների` Նադեժդա Տոլոկոննիկովայի, Մարիա Ալյոխինայի և Եկատերինա Սամուցևիչի դատավճիռը: Նրանք մեղադրվում են այս տարվա փետրվարին Քրիստոս Փրկչի տաճարում խուլիգանություն անելու մեջ:


Միխայիլ Գալուստյանի կարծիքով` ամենասարսափելին այն է, որ «անկախ դատավճռից, այս հիմար աղջիկներն իրենց մեղավոր չեն ճանաչում»: Նա կարծում է, որ սա Արևմուտքի «ձեռքի գործն է»:
 

 

«Մեզ փորձում են մասնատել որպես ազգ, որպես հասարակություն: Ես նրանց խղճում եմ: Նրանք երևի չեն էլ գիտակցում` ինչի՞ մեջ են խրվել: Մնում է միայն կռահել, թե ում է դա հարկավոր»,- ասել է նա` հավելելով, որ «պատվիրատուները մեծ հաճույքով նրանց քաղաքական ապաստան կտրամադրեն»:
 

«Խնդրում եմ ադեկվատ գնահատական տալ կատարվածին: Բոլորս էլ մարդ ենք: Չէ՞ որ նրանք ոչ ոքի չեն բռնաբարել կամ սպանել»,- եզրափակում է նա: