Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանը Բաքու կժամանի օգոստոսի 25-ից հետո

10:03 • 17.08.12

Ադրբեջանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը Բաքու կժամանի օգոստոսի 25-ից հետո: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին հայտնի է դարձել Ջորջթաունում` Ամերիկա-ադրբեջանական առևտրի պալատի (USACC) գրասենյակում, նոր դեսպանի պատվին անցկացված միջոցառման ժամանակ:

 

Միջոցառման ժամանակ Մորնինգսթարն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը` վստահություն հայտնելով, որ խնդրի կարգավորումը ձեռնտու է երկու կողմերին էլ: Նրա խոսքով` Միացյալ Նահանգները հավասարակշռված քաղաքականություն է վարում տարածաշրջանում:
 

Նա խոսել է նաև Կասպյան տարածաշրջանում էներգետիկ անվտանգության ու համագործակցության մասին` հավելելով, որ Հարավային էներգետիկ միջանցքը կարևոր դեր է խաղում Ադրբեջանի համար` էներգետիկ դիվերսիֆիկացիայի տեսանկյունից:


Մորնինգսթարի թեկնածությունն Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Սենատը հաստատել էր հունիսի 30-ին: Միացյալ Նահանգները Բաքվում դեսպան չունի նախորդ տարվա դեկտեմբերի վերջից, երբ լրացավ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի դիվանագիտական մեկամյա առաքելությունը։