Երկու համաշխարհային պատերազմներ և Ցեղասպանության տեսած 104-ամյա Մովսես պապը նոր անձնագիր է ստացել (լուսանկարներ)

19:53 • 17.08.12

Այսօր՝ օգոստոսի 17-ին ոստիկանության Վաղարշապատի անձնագրային բաժանմունքի նախաձեռնությամբ, բաժանմունքի պետ Անդրանիկ Ադամյանը հանդիսավոր պայմաններում ՀՀ քաղաքացու անձնագիր է հանձնել Մարշալ Բաղրամյան գյուղի ամենատարեց բնակչին` 104-ամյա Մովսես Դերմիշյանին:


Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից, Մովսես պապիկը երկու համաշխարհային պատերազմ ու ցեղասպանություն է տեսել: 1908թ ծնվել է Արևմտյան Հայաստանում, այնուհետև ընտանիքով գաղթել են Արևելյան Հայաստան:


Մարշալ Բաղրամյանի անունը կրող գյուղի առաջին բնակիչներից ու հիմնադիրներից է, գյուղի առաջին հողագործն ու շինարարը: Համագյուղացիները պատմում են, որ գյուղում առաջին խաղող պատվաստողը Մովսես պապն է եղել: Իսկ ինքը այսօրվա պես հիշում է, թե ինչպիսի դժվարությամբ, Ստալինյան տարիներին և Մարշալ Բաղրամյանի կենդանության օրոք անվանակոչեցին գյուղը:


Շնորհավորում ենք 104-ամյա Մովսես պապիկին նոր անձնագիր ստանալու առթիվ և մաղթում առողջություն: