Բարաք և Միշել Օբամաների առաջին համբույրի պատվին գրանիտե հուշատախտակ է կանգնեցվել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և նրա կնոջ առաջին համբույրի պատվին Չիկագոյի երբեմնի «Բասկին Ռոբինս» սրճարանի վայրում գրանիտե հուշատախտակ է կանգնեցվել, որտեղ 1989թ.-ին տեղի է ունեցել զույգի առաջին համբույրը: Այս մասին հայտնում է vz.ru-ն` վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցներին:
Օբաման Միշելի հետ ծանոթացել է 1988թ.-ի ամռանը, «Սիդլի Օսթին» իրավաբանական խոշոր ընկերությունում, որտեղ նրանք աշխատում էին:
Ինչպես պատմել է նախագահը, Միշելը համաձայնել է ժամադրության գնալ իր հետ մի քանի անգամ մերժելուց հետո: Նրանց հանդիպումը տեղի է ունեցել «Բասկին Ռոբինս» սրճարանում, որի փոխարեն այժմ գործում է «Սաբվեյ» խորտկարանը:
Հուշատախտակի վրա պատկերված են Բարաք և Միշել Օբամաները` գրկախառնված, իսկ ներքևի մասում արված է ամերիկյան ամսագրերից մեկին տված հարցազրույցից մի մեջբերում.
«Մեր առաջին հանդիպմանը ես նրան հյուրասիրեցի սրճարանի լավագույն պաղպաղակը: Ես համբուրեցի նրան ու զգացի շոկոլադի համը», իսկ ամենաներքևի մասում գրված է. «Այստեղ նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ համբուրել է Միշել Օբամային»:
Այս տարվա հոկտեմբերին զույգը կնշի ամուսնության 20-ամյակը:










