Ոչ մի զորամաս չի փակվելու. ՊՆ խոսնակը հերքում է տարածված լուրերը
Շրջանառվող լուրերը, թե ՀՀ տարածքում ԶՈՒ որոշակի զորամասեր են փակվելու, չի համապատասխանում իրականությանը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ոչ մի զորամաս ՀՀ տարածքում չի փակվելու: Ունենք բանակի համալրման հստակ երկարամյա պլանային ծրագիր, որը ենթադրում է և՛ ժամկետային զինծառայողների զորակոչ, և՛ պայմանագրային զինծառայողների քանակի ավելացում: Այդ ծրագիրը չի խախտվում, հստակ իրականացվում է»,- ասաց նա:
Անդրադառնալով զորակոչին Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ զինված ուժերի այս տիրույթում ենթադրվում են բարեփոխումներ:
«Ընդհանրապես, զորակոչային մեխանիզմի և այդ ամբողջ համակարգի հստակ բարեփոխումների ծրագիր է իրականացվում և չի բացառվում, որ առաջիկայում ուրիշ փոփոխություններ ևս տեղի ունենան: Դա ենթադրում է և՛ զինկոմների, և՛ բժշկական կոմիսիաների, և՛ ամբողջ այդ գործընթացի բարեփոխում»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Մամուլի ասուլիսում ներկա էր նաև գնդապետ Արմենակ Վարդանյանն, ով անդրադառնալով բանակի պատրաստվածությանը նշեց, որ պատերազմում քանակով չեն հաղթում, այլ՝ որակով: Նա ընդգծեց, որ քանակական առավելությունը միշտ չէ, որ բերում է հաջողությունների:
«Համաձայն կարգախոսի՝ մենք ամեն տարի բարձրացնում ենք ոչ միայն զորավարժությունների քանակը, այլ նաև որակը:
Վարժություններն այն աստիճանի են բարդացվում, որ զինվորի համար դրանք կատարելը շատ ավելի հետաքրքիր է դառնում: Մենք իրավիճակները հնարավորինս փորձում ենք հասցնել իրական պատերազմականի. պատրաստվենք խաղաղ ժամանակաշրջանում պատերազմի»,- ասաց գնդապետը:










