Pussy Riot խմբի անդամներին դատապարտեցին երկու տարվա ազատազրկման
Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանն այսօր Pussy Riot պանկ–ռոք խմբի անդամներ 24-ամյա Մարիա Ալյոխինային, 22-ամյա Նադեժդա Տոլոկոննիկովային և 30-ամյա Եկատերինա Սամուցևիչին երկուական տարվա ազատազրկման է դատապարտել, ընդհանուր ռեժիմի գաղութում:
Նրանք մեղավոր են ճանաչվել Քրիստոս Փրկչի տաճարում խուլիգանություն անելու մեջ:
Դատավոր Մարինա Սիրովան մեղմացուցիչ հանգամանքներ է գտել երեք աղջիկների համար. նրանց բոլորին դրական բնութագիր են տվել բնակության վայրից, իսկ Տոլոկոննիկովան և Ալյոխինան մանկահասակ երեխաներ ունեն:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 21-ին խմբի երեք անդամները Քրիստոս Փրկչի տաճարում` խորանի առջև, երգել էին. «Աստվածամա’յր, վտարիր Պուտինին»: Օրեր անց` փետրվարի 26-ին, աղջիկների նկատմամբ հարուցվել էր քրեական գործ «Խուլիգանություն» հոդվածով, որը նախատեսում էր մինչև 7 տարվա ազատազրկում:










