Կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի սիրիահայ երեխաների կրթական հարցերով. Սփյուռքի նախարարություն

18:52 • 17.08.12

Այսօր՝ օգոստոսի 17-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Սոցիալ- Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին, դիվանի անդամ Վազգեն Կալթակճյանին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից:


ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ նախարարությունում ստեղծվել է սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող աշխատանքային խումբ, և ներկայացրել լուծումներ ստացած և կատարման փուլում գտնվող խնդիրները:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայի հայ համայնքի հետ կապված խնդիրներ: Մասնավորապես անդրադարձ է եղել սիրիահայ երեխաների կրթական հարցերին: Որոշվել է համատեղ ստեղծել աշխատանքային խումբ` կազմված նաև սիրիահայերից, որը զբաղվելու է Հայաստանում գտնվող դպրոցահասակ սիրիահայ երեխաների կրթության կազմակերպմամբ:

 

ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել ՀՀ սփյուռքի նախարարությանը` սիրիահայերի խնդիրները լուծելու նպատակով ձեռնարկված քայլերի առնչությամբ և պատրաստակամություն հայտնել սատարելու նախարարության նախաձեռնությունններին` մասնավորապես շեշտելով ֆինանսական աջակցությունը:

 

Նախարար Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին` հույս հայտնելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունները առաջիկայում կվերածվեն գործի: