Լոնդոնում ՌԴ դեսպանատան ուղղությամբ քարեր են նետել
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան ուղղությամբ այս գիշեր քարեր են նետվել, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով դեսպանատան կայքէջին:
Ըստ գործակալության` հարձակումը կատարել են սիրիական ընդդիմության կողմնակիցները, որոնք դեմ են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմին Ռուսաստանի աջակցությանը:
Միջադեպի հետևանքով շենքի ապակիները կոտրվել են, սակայն, բարեբախտաբար, աշխատակիցները չեն տուժել:
«Դեպքի վայր ժամանած ոստիկանները, ցավոք, միջոցառումներ չեն ձեռնարկել չարտոնված ակցիան ցրելու և հարձակվողների ձերբակալության համար»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ սա այս տարվա առաջին վանդալիզմի ակտը չէ` ուղղված Լոնդոնում ռուսական դիվանագիտական ներկայացուցչության դեմ: Դիվանագետները կատարվածը գնահատել են որպես «Լոնդոնում դիվանագիտական ներկայացուցչությունների անձեռնմխելիության սկզբունքի հերթական խախտում»:
Ցուցարարները պահանջում են Ռուսաստանից դադարեցնել Ասադի ռեժիմին աջակցությունը:
Ռուսաստանը կոչ է անում սիրիական իշխանությանն ու ընդդիմությանը ճգնաժամը լուծել բանակցությունների միջոցով, երբ Արևմուտքը պահանջում է Ասադի հրաժարականը:










