ԱՄՆ-ն Ջուլիան Ասանժի գործով ճնշում չի գործադրել Բրիտանիայի վրա. Պետդեպ
Միացյալ Նահանգների կողմից Մեծ Բրիտանիայի վրա ճնշում չի գործադրվել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի շուրջ ստեղծված իրավիճակի խնդրով: Բրիտանացիները կիրառել են սեփական օրենքները: Այս մասին, vz.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
Վերջինս նշել է, որ Ասանժի շուրջ ստեղծված իրավիճակն Էկվադորի, Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի խնդիրն է:
«Եթե դուք ինձանից պատասխան եք ակնկալում իրավաբանական այս հարցի վերաբերյալ, ապա ես պետք է խորհրդակցեմ 4.000 իրավաբանի հետ: Մենք գտնում ենք, որ բրիտանացիները հիմնվել են սեփական օրենսդրության վրա»,- ասել է նա:
Նախօրեին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել էր, որ բրիտանական իշխանությունները չեն պատրաստվում Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը գրոհով վերցնելու մասին հրաման արձակել, որտեղ հունիսի 19-ից թաքնվում է WikiLeaks-ի հիմնադիրը, եթե այն չհանձնի վերջինիս: Սակայն ԱԳ նախարարը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան երկրից անվտանգ ելքի իրավունք չի տրամադրի Ասանժին:
Հիշեցնենք, որ երեկ Էկվադորի իշխանությունները քաղաքական ապաստան են տրամադրել Ասանժին, ինչը զայրացրել է Լոնդոնին:
Լոնդոնյան դատարանն ավելի վաղ որոշում էր ընդունել Ասանժին Շվեդիային արտահանձնելու մասին, որտեղից նրան կարող են ուղարկել ԱՄՆ, իսկ Միացյալ Նահանգներում նրա նկատմամբ առաջադրվել է լրտեսության և գաղտնի տեղեկությունների հրապարակման մեղադրանք:










