Ամերիկահայերը Միթ Ռոմնիին հրավիրում են քննարկելու հայերին հուզող հարցերը
Ամերիկայում հայ դատի հանձնախումբը ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիին հրավիրել է հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և կիսվել ԱՄՆ–ում հայ համայնքին մտահոգող խնդիրների շուրջ իր տեսլականով, այս մասին տեղեկանում ենք հանձնախմբի տարածած հաղորդագրությունից։
«Ազգային համայնքների ղեկավարների ներկայացուցչական խմբի հետ անհատական հանդիպումը Ձեզ հնարավորություն կընձեռի կիսել Ձեր տեսլականը, բացատրել Ձեր անցած ուղին, պարզաբանել Ձեր առաջնահերթությունները և մեզ հետ գտնել ուղիները, որոնցով միասին կարող ենք աշխատել գալիք ամիսներին և տարիներին»,– ասված է Ռոմնիին ուղղված նամակում։
Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբին Ամերիկայի հայ դատի հանձնախումբը նման մեկ այլ կոչ էր ուղղել ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամային, որով վերջինիս առաջարկվում էր անհատական հանդիպում ունենալ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և անձամբ բացատրել իր վարչախմբի քաղաքականությունն այն հարցերի շուրջ, որոնք ամենից շատ են մտահոգում ամերիկահայ ընտրողներին։










