Իրանի վրա հարձակվելու դեպքում «Հըզբոլահ»-ը կհրթիռակոծի Իսրայելը
«Հըզբոլահ» արմատական շիական շարժումը սպառնացել է Իսրայելին հրթիռային հարվածներով, եթե այն հարձակվի Իրանի վրա, հայտնում է Reuters-ը: «Մենք կարող ենք Պաղեստինի գրավյալ տարածքներում բնակվող միլիոնավոր սիոնիստների կյանքը վերածել իսկական դժոխքի »,- հայտարարել է խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլահը:
Առաջնորդի հայտարարությունն արվել է մամուլում հայտնված բազմաթիվ հրապարակումներին ի պատասխան, որտեղ ասվում է, որ Իսրայելը կարող է արդեն այս աշնանը միայնակ` առանց որևէ երկրի օգնության, հարձակվել Իրանի վրա` վերջինիս միջուկային ծրագիրը դադարեցնելու համար:
Հինգշաբթի Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հայտարարել էր, որ Իսրայելը չի կարող միայնակ լուծել իրանական միջուկային խնդիրը, այդ իսկ պատճառով ԱՄՆ-ի աջակցության կարիքն ունի:
Միացյալ Նահանգներն ու արևմտյան մի շարք երկրներ Իրանին կասկածում են միջուկային զենքի ստեղծման մեջ, իսկ Թեհրանը հերքում է մեղադրանքները` հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ և ուղղված է էլեկտրաէներգիայի պահանջարկի բավարարմանը:










