Մահացել է Pernod Ricard ընկերության նախագահ Պատրիկ Ռիկարը
Ֆրանսիայի Sainte-Anne հիվանդանոցում 67 տարեկան հասակում օգոստոսի 17-ին մահացել է ալկոհոլային խմիչքներ արտադրող աշխարհի խոշորագույն Pernod Ricard ընկերության նախագահ Պատրիկ Ռիկարը, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
Ըստ գործակալության` նա հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 16-ին, սրտամկանի ինֆարկտի կասկածով:
«Ընտանիքը, տնօրենների խորհուրդն ու ղեկավարությունը ստիպված են հաղորդել Պատրիկ Ռիկարի անժամանակ մահվան մասին»,- ասվում է Pernod Ricard-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ:
Pernod Ricard-ը զբաղեցնում է աշխարհի խոշորագույն ալկոհոլ արտադրող ընկերությունների ցանկի երկրորդ հորիզոնականը: Ընկերությունն արտադրում է այնպիսի աշխարհահռչակ ապրանքանիշեր, ինչպիսիք են` Absolut-ը, Jameson-ը, Malibu-ն, Havana Club-ը, Beefeater-ը, Olmeca-ն և այլն:
Pernod Ricard-ին է պատկանում Երևանի կոնյակի գործարանն ու գինի և ալկոհոլային խմիչքներ արտադրող GWS վրացական ընկերությունը:










