Արևմուտքը քննադատել է Pussy Riot-ի անդամների դատավճիռը
Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունն ու իրավապաշտպանները քննադատել են Pussy Riot սկանդալային պանկ- ռոք խմբի անդամների դատավճիռը` այն անվանելով «անհամապատասխան» ու «չափազանց դաժան», հայտնում է Korrespondent-ը:
Նախօրեին Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը 2-ական տարվա ազատազրկման էր դատապարտել խմբի անդամներ 24-ամյա Մարիա Ալյոխինային, 22-ամյա Նադեժդա Տոլոկոննիկովային և 30-ամյա Եկատերինա Սամուցևիչին` փետրվարին Քրիստոս Փրկչի տաճարում խուլիգանություն անելու մեջ: Նրանք տաճարի խորանի առջև երգել էին. «Աստվածամա’յր, վտարի’ր Պուտինին»:
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը դատավճռի հրապարակումից ժամեր անց հայտարարել է, որ ԱՄՆ-ն «մտահոգված է նման վճռով, որը չափազանց դաժան է»: Նրա խոսքով` դա «բացասաբար կազդի» Ռուսաստանում խոսքի ազատության վրա:
Իսկ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտնել է, որ «Միացյալ Նահանգները լրջորեն մտահոգված է, թե ինչպես ռուսական դատական համակարգը վարվեց այս երիտասարդ կանանց հետ»:
Եվրամիության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը վճիռն անվանել է «անհամապատասխան»:
«Այս դեպքը հարցականի տակ է դնում արդար, թափանցիկ և անկախ դատական համակարգ ունենալու Ռուսաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը»,- ասել է նա:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ վճիռը «շատ դաժան է»: Այն քննադատել է նաև Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը:
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ դատավճիռը պետք է չեղյալ հայտարարվի:










