ԱՄՆ-ում հիմնված նոր կենտրոնն առաջարկում է կրկին սպանել Բեն Լադենին
Ամերիկյան նավատորմի ընտիր զորքերի` Navy SEAL-ի նախկին անդամ Լարրի Յոթչը բոլոր ցանկացողներին հիանալի հնարավորություն է ընձեռում բարձրացնել ադրենալինը` առաջարկելով նախկինում աշխարհի թիվ 1 ահաբեկիչ համարվող Օսամա Բին Լադենին անձամբ «սպանել», գրում է «Օդիթի սենթրալ»-ը:
Այդ նպատակով տղամարդը Մինեսոտա նահանգում հիմնել է Sealed Mindset կենտրոնը, որտեղ կարելի է հետապնդել, զենքով կրակել և սպանել Բեն Լադենին: Ապրիլին տեղի ունեցած բացումից ի վեր` ավելի քան 130 մարդ մասնակցել է 1 տարի առաջ Պակիստանում Ալ-Քաիդայի առաջնորդի կյանքը խլելու ամերիկացի զինվորների կողմից կազմակերպված օպերացիայի կրկնօրինակված տարբերակին:
Բին Լադենի «դերակատարն» իր ներկայացրած կերպարին ավելի շատ նմանվելու համար կրում է երկար, կեղծ մորուք և սպիտակ կնգուղավոր զգեստ: Յուրօրինակ խաղի մասնակիցներն առաջնորդվում են հենց Յոթչի կողմից, ով նրանց դիմավորում է հետևյալ խոսքերով. «ԱՄՆ-ի նախագահը հրամայել է բռնել Բեն Լադենին: Այժմ մենք պետք է դուրս գանք Աֆղանստանի մեր ռազմաբազայից ու ուղևորվենք Պակիստան, որտեղ, ըստ մեր տվյալների, թաքնվում է ահաբեկիչը:
Մասնակիցները պետք է կարողանան թափանցել ահաբեկչի թաքստոցը և, ռետինե գնդակներով կրակոցներ արձակելով, սպանեն նրան: Նրանց խոսքերով` դա հրաշալի առիթ է սուր զգացողություններ ստանալ և բարձրացնել ադրենալինը:










