Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար և Մովսես գյուղերը

11:24 • 22.08.12

Նախորդ գիշեր ադրբեջանական կողմը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար և Մովսես գյուղերի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է Ներքին Կարմիր աղբյուր գյուղի գազատարը:


Tert.am –ի հետ զրույցում Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը հայտնեց, որ հակառակորդը գյուղի՝ հատկապես Հոնուտ և եկեղեցու տարածքում գտնվող թաղամասերի վրա է կրակ բացել:


«Ժամը 21:30-ի սահմաններում սկսվել ա, դե, ընդհատումներով շարունակվել մինչև գիշերվա ժամը 01:00-ն տևել ա: Գազատարն անջատել ենք, որ հանկարծ հրդեհ չբռնկվի: Դե, էլ ի՞նչ ասեմ, եթե ձեր բնակավայրի վրա կրակեն, ի՞նչ կլինի. վախ, ահ ու սարսափ, էլ ի~նչ ասեմ: Բայց ամենակարևորը՝ մարդկային կորուստ չունենք»,- տեղեկացրեց գյուղապետը:


Մովսես գյուղի գյուղապետ Լյուդվիգ Ապերյանն էլ հաստատեց, որ իրենց գյուղը ևս գնդակոծվել է, նկատեց, որ տուժել են, հատկապես, բնակելի տների կտուրները, իսկ գնդակոծությունը տևել է 20:30–ից մինչև ժամը 12:00-ն:


Մեր խոսակցության պահին գյուղապետը «ռևիզիա» էր անցկացնում՝ պարզելու, թե հատկապես ի՞նչ շենք, շինություններ են տուժել:


Բարեբախտաբար, այստեղ ևս մարդկային կորուստներ չկան:


ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս հաստատում է հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում անցած գիշեր Ադրբեջանի զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փաստը:


«Այս պահի դրությամբ մեզ զոհերի ու վիրավորների մասին հայտնի չէ»,- Tert.am–ին ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: