Հյուսիսային Կորեան ավարտել է միջուկային ռեակտորի գմբեթի տեղադրման աշխատանքները
Հյուսիսային Կորեան ավարտել է Յոնբենում միջուկային ռեակտորի գմբեթի տեղադրման աշխատանքները, հայտնում է Associated Press-ը` վկայակոչելով Jane's Defence Weekly-ի փորձագետին: Ըստ նրա` այդ մասին են վկայում Յոնբենի օբյեկտի արբանյակային լուսանկարները, որոնք արվել են օգոստոսի 6-ին:
Փորձագետի կարծիքով` սա «նշանակալի իրադարձություն» է, սակայն կայանն ամբողջ հզորությամբ շահագործելու համար կարող է պահանջվել մի քանի տարի:
Լրատվամիջոցներն այս տարվա մայիսին հայտնել էին, որ Հյուսիսային Կորեան վերականգնել է Յոնբենում միջուկային օբյեկտի կառուցման աշխատանքները:
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը դուրս է եկել միջուկային սպառազինությունների չտարածման մասին պայմանագրից 2003թ.-ից: 2006 և 2009 թթ. Փհենյանը միջուկային փորձարկումներ է իրականացրել, ինչն արժանացել է միջազգային հանրության խիստ քննադատությանը:










