Մարդինի հայկական եկեղեցին չի վերանորոգվում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով
Մարդինի Քըզըլթեփե շրջանում գտնվող հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին, որ տարիներ շարունակ որպես պահեստ է ծառայել, մի քանի տարի առաջ վերադարձվել էր հայ կաթոլիկ համայնքին, սակայն այստեղից էլ տեղեկացրել են, որ իրենք վերակառուցման համար բավարար միջոցներ չունեն:
Եկեղեցու պահակը` Ադիլ Օքը, պատմել է, որ Թուրքիայի հանրապետության գոյության ողջ ընթացքում եկեղեցին որպես պահեստ է ծառայել:
«Այս եկեղեցին լավագույն վկայությունն է փոքրամասնությունների հանդեպ համակարգի ունեցած վերաբերմունքի»,- ասել է նա:
Երկար տարիներ Գյուղատնտեսության նախարարության կողմից որպես պահեստ օգտագործված եկեղեցին այժմ կիսավեր է:
Evrensel թերթը գրում է, որ 2007 թ-ին Մարդինի հայ կաթոլիկ համայնքին հանձնված եկեղեցին չի վերակառուցվում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Այժմ եկեղեցին փլուզման վտանգի տակ է:
Կառուցման տարեթիվը հայտնի չէ, սակայն Անատոլիայում գտնվող բազմաթիվ եկեղեցիների նման ոչնչացման է դատապարտվել:
Հայկական հիմնադրամին հանձնված եկեղեցին չի վերակառուցվել, սակայն դրա փլուզումը կանխելու համար որոշակի աշխատանքներ են կատարվել տանիքում:
Եկեղեցին բացահայտվել էր միայն գրող, հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուի` շրջան կատարած այցի ընթացքում:
2004 թ-ից պաշտպանության տակ առնված եկեղեցին վերանորոգելու որոշում եղել է, սակայն մինչ դրա իրագործումը եկեղեցու պահակը 7 մետրանոց փոս է փորել և գանձ որոնել, ինչն ավելի է վատացրել առանց այն էլ փլուզման վտանգի տակ գտնվող եկեղեցին:










