Պուտինյան ռեժիմը չունի փոփ մշակույթի դեմ հակաթույն. արևմտյան մամուլ
Արևմտյան լրատվամիջոցները շարունակում են մեկնաբանել սկանդալային Pussy Riot պանկ- ռոք խմբի անդամների դատավճիռը: Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը 2-ական տարվա ազատազրկման էր դատապարտել խմբի անդամներ 24-ամյա Մարիա Ալյոխինային, 22-ամյա Նադեժդա Տոլոկոննիկովային և 30-ամյա Եկատերինա Սամուցևիչին` փետրվարին Քրիստոս Փրկչի տաճարում խուլիգանություն անելու համար: Նրանք տաճարի խորանի առջև երգել էին. «Աստվածամա’յր, վտարի’ր Պուտինին»:
The Washington Post-ի հոդվածագիր Էն Էփլբաումը նախ անդրադարձել է փոփ-երգչուհի Մադոննային, նշելով, որ նրան երբեք չի հետաքրքրել մարդու իրավունքների, մասնավորապես` կանանց իրավունքների հետ կապված իրավիճակը Ռուսաստանում, երբ սպանվեցին լրագրողներ Աննա Պոլիտկովսկայան ու Նատալյա Էստեմիրովան: «Ինչո՞ւ հանկարծ նա սկսեց հետաքրքրվել այս հարցով»,- գրել է նա: Նշենք, որ երգչուհին քննադատել է խմբի անդամների դատավճիռը:
Ինչ վերաբերում է պուտինյան ռեժիմին, ապա, ըստ նրա, դրա «հանճարը» հետևյալն է` այն երբեք չի իրականացրել զանգվածային ձերբակալություններ: «Ռեժիմը լրջորեն ճնշում էր միայն պոտենցիալ ուժեղ մրցակիցներին, իսկ մնացածին` անտեսում: Նա երբեք չի ցանկացել, որ Ռուսաստանը համեմատեն Հյուսիսային Կորեայի հետ: Սակայն հիմա ավելի բարդ է դարձել որոշելը` հակառակորդներից ո՞վ է լուրջ, ով ոչ»,- գրել է նա` հավելելով, որ Pussy Riot-ին հաջողվեց գրավել ողջ աշխարհի ուշադրությունը, դառնալ համաշխարհային փոփ մշակույթին հետաքրքիր, «իսկ դրա դեմ ավտորիտար ռեժիմը հակաթույն չունի»:
The Guardian-ի հոդվածագիր Սայմոն Ջենքինսն էլ մեղադրում է Արևմուտքին երկերեսանիության համար: «Բրիտանիայում, եթե շան տերն արձակի կենդանուն շնաթոկից, նրան սպառնում է մինչև 6 ամսվա բանտարկություն: Այդ ինչպե՞ս եղավ, որ նման օրինագծերը հավանության արժանացնող բրիտանացի քաղաքական գործիչները սկսեցին քննադատել խմբի դատավճիռը»,- հարց է տալիս նա:
Իսկ ֆրանսիական Le Telegramme թերթն էլ, իր հերթին, գրել է, թե ինչ է սպասվում խմբի աղջիկներին կանանց գաղութում, եթե ռուսական իշխանությունների դիրքորոշումն այս հարցում չփոխվի: Մասնավորապես` այն ենթադրում է, որ աղջիկները կհայտնվեն գողերի ու մարդասպաների շրջապատում, ի դեպ, Մոսկվայից դուրս գաղութում:
Պատժի կրման «սովորական» պայմաններում նրանք իրավունք կստանան տարեկան 3 անգամ տեսակցության: Հնարավոր է նրանք բանտի ղեկավարության համար համազգեստներ կարեն ու դրա դիմաց ստանան 25-50 եվրո: Նրանց կթույլատրվի զանգահարել տուն ամիսը մեկ անգամ: Հնարավոր են նաև «մեղմացուցիչ» պայմաններ` սննդամթերքի անսահամանափակ գնում և տարեկան 2 լրացուցիչ տեսակցություն:










