ԱՄՆ-ն սիրիական լրատվամիջոցներին սովորեցնում է ինչպես «ճիշտ» աշխատել
Միացյալ Նահանգները Սիրիայի «ազատ լրատվամիջոցներին» սովորեցնում է աշխատել` շրջանցելով կառավարությանը, իսկ ուսանողներին` բողոքի ակցիաներ անցկացնել: Այս մասին, «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
Ավելի վաղ ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել էին, որ ապստամբներին աջակցելու համար Միացյալ Նահանգները կհատկացնի 25 մլն դոլար: Ի դեպ, խոսքը գնում է այսպես կոչված` «ոչ թռչող միջոցների» մասին` կապի միջոցներ, դեղամիջոցներ, սակայն ոչ զենք և պայթուցիկներ:
«Մենք սովորեցնում ենք ազատ ԶԼՄ-ներին հակազդել կառավարության խարդախ տեխնոլոգիաներին, ինչպես նաև ունենք հատուկ ծրագրեր ուսանող- ակտիվիստների համար, որոնք կոչ են անում խաղաղ բողոքի ակցիաներ անցկացնել համալսարաններում»,- ասել է նա: Իսկ նախօրեին Նուլանդը հայտարարել էր, որ հարկ եղած դեպքում ԱՄՆ-ն Սիրիայում կգործի` շրջանցելով ՄԱԿ-ը:
Միացյալ Նահանգներն ու արևմտյան մի շարք երկրներ պահանջում են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականը:










