Պուտինի դեմ մահափորձի կասկածյալն ապաստան է խնդրել Վրաստանից
Ուկրաինայում ձերբակալված, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ կազմակերպված մահափորձի կասկածյալ Ադամ Օսմաևն այժմ էլ դիմել է Վրաստանին` իրեն քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով: Այս մասին, ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտնել է Օսմաևի քաղաքացիական կինը` Ամինա Օկուևան: Նրա խոսքով` համապատասխան փաստաթղթերն արդեն փոխանցվել են վրացական կողմին:
«Եթե Վրաստանը մերժի Օսմաևին քաղաքական ապաստան տրամադրելու հարցում, ապա նա կդիմի Ֆինլանդիայի իշխանություններին»,- ասել է Օկուևան:
Նախօրեին էլ կասկածյալը դիմել էր Ուկրաինայի միգրացիոն ծառայությանը` նրան ապաստան տրամադրելու խնդրանքով, սակայն Կիևը մերժել էր:
Ավելի վաղ Կիևը դադարեցրել է նրան ռուսական կողմին հանձնելու գործընթացը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայտարարության պատճառով, որը խորհուրդ էր տվել Ուկրաինային հետաձգել արտահանձնումը: Իսկ դատարան էր դիմել Օսմաևի պաշտպանությունը:
Չեչեն Ադամ Օսմաևն ու Ղազախստանի քաղաքացի Իլյա Պյանզինը ձերբակալվել էին փետրվարի վերջին, Օդեսայում, ռուսական ու ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից: Նրանց խոստովանական ցուցմունքների համաձայն` իրենք պատրաստվում էին Պուտինի դեմ մահափորձն իրականացնել մարտի 4-ին կայացած ընտրություններից հետո:










