18 տարի տևած բանակցություններից հետո Ռուսաստանը դարձավ ԱՀԿ լիիրավ անդամ

08:30 • 22.08.12

Ռուսաստանը պաշտոնապես դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 156-րդ լիիրավ անդամը: Մարաքեշի համաձայնագրով ստեղծված այս կառույցին Ռուսաստանի անդամակցության մասին արձանագրությունն ուժի մեջ է մտնում այսօրվանից: ԱՀԿ անդամ երկրների նախարարները հավանության են արժանացրել Ռուսաստանի անդամակցությունն այս կառույցին 18 տարի տևած բանակցությունների արդյունքում:

 

ԱՀԿ –ն միակ միջազգային կառույցն է, որը վերահսկողական գործառույթներ է իրականացնում համաշխարհային առևտրի ոլորտում: Այն հիմնադրվել է միջազգային առևտրում առևտրային սահմանափակումները հանելու և անդամ երկրների միջև առևտրային-քաղաքական հարաբերությունները կարգավորելու նպատակով:

 

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի խոսքով` անդամակցությունը թույլ կտա երկրին գործարար միջավայրի կատարելագործման և օտարերկրյա ներդրողների ներգրավման նախապայմաններ ստեղծել :