Քաղաքականությամբ զբաղվող անձինք՝ որոշ բացառություններով, առևտրական մարդիկ են. Ժիրայր Սեֆիլյան

09:32 • 22.08.12

Հայաստանում ՝ 1991 թվականից սկսած, իշխանությունները կուսակցություններին փորձել են դարձնել առավելագույն կառավարելի, այսինքն՝ դրվել է «իրենցով» անելու խնդիր: Եվ եթե այդ խնդիրը անկախության առաջին տարիներին բացահայտ կերպով նկատելի չէր, ապա հետագայում` 1995-1996թթ. սկսած, իշխանությունների այդ կեցվածքը դարձավ առավել անթաքույց և կուսակցություններին «փչացնելու ու սեփականաշնորհելու» գործընթացը հասավ իր ավարտական փուլին, որի մասին ռեժիմի պարագլուխներն այժմ չեն էլ թաքցնում: Tert.am –ի հետ զրույցում ասաց «Սարդարապատ» քաղաքացիական շարժման հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում ընդդիմադիր միավորումների տրոհման ու վերատրոհման գործընթացը:
 

Հիշեցնենք, որ այդ բազմաթիվ օրինակներից վերջինը կապված է նախկին Պետեկամուտների նախարար Սմբատ Այվազյանի անվան հետ, ով «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքից ներքին և արտաքին մարտավարական խնդիրների շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով հեռանալուց հետո պատրաստվում է հեռանալ նաև «Հանրապետություն» կուսակցությունից: Տեղեկացնենք, որ այս լուրը «Առավոտի» հետ զրույցում չէր բացառել կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:


Սրանից մի քանի օր առաջ էլ Կոնգրեսից հեռացած «Ազատ դեմոկրատներ»-ից էր տրոհվել Արարատ Զուրաբյանի թևը:
«2013 թվականին սպասվող նախագահական չընտրությունների նախընտրական գործընթացում ռեժիմը՝ քաղաքական, այսպես կոչված, դաշտն առավելագույն փոշիացնելու և տրոհելու է, ինչի ականատեսն ենք մենք լինում յուրաքանչյուր օր: Արդյունքում` մի կողմից մեկ տասնյակից ավելի նախագահի թեկնածուներ, մյուսում՝ Սերժ Սարգսյանը: Եվ առաջին փուլում կանխորոշված «հաղթում» է ռեժիմի թեկնածուն»,- իրավիճակն էլ ավելի պատկերավոր ներկայացրեց Ժիրայր Սեֆիլյանը՝ նկատելով, որ դա չի նշանակում, թե Սերժ Սարգսյանին հաջողվելու է ևս հինգ տարի իշխել Հայաստանում:


Քանի որ Ժիրայր Սեֆիլյանը վերջերս ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր մի հրապարակում, ըստ որի, ողջ աշխարհում նկատվում է կուսակցությունների տրոհման միտում, նրան ուղղեցինք հետևյալ հարցը՝ արդյո՞ք, ընդդիմադիր ճամբարում ընթացող տրոհումների այս գործընթացում, որը կարող է հանգեցնել նաև ընդդիմադիր քաղաքական դաշտի ամայացման, անպայման դրանում պետք է իշխանությունների մատը խառը լինի. գուցե կատարվածը բնակա՞ն գործընթաց է և, ինչպես ԱՄՆ-ում, այդպես էլ Հայաստանում կա ընդամենը երկու կուսակցության կարիք՝ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի:



Համաձայնելով, որ ողջ աշխարհում, իրոք, գոյություն ունի կուսակցությունների ներքին ճգնաժամ, Ժիրայր Սեֆիլյանն, այնուամենայնիվ նշեց. «Եթե քաղաքական կուսակցությունները ծառայեն իրենց բուն նպատակին, ապա ավտորիտար ռեժիմների օրոք նրանք կարող են հանդիսանալ այդ ռեժիմների թուլացման, այնուհետև, վերացման կամ ոչնչացման գործիք: Ուստի, այդպիսի ռեժիմներն առավելագույն կերպով փորձելու են չեզոքացնել կուսակցություններին՝ դարձնելով կառավարելի և ռեժիմին սատարող քաղաքական կցորդ»:



«Սարդարապատ» շարժման հիմնադիրի գնահատմամբ Հայաստանում կուսակցությունները այդպես էլ չկայացան.«Քանի որ քաղաքականությամբ զբաղվող անձիք, որոշ բացառություններով, առևտրական մարդիկ են, և քաղաքականությունն իրենց համար բիզնես-ծրագիր է անձնական բարեկեցության խնդիրները լուծելու համար է: Դա ձեռնտու է իշխանություններին, և՛ քաղաքական հարաբերությունները, և՛ գաղափարները վերածվում են դրամաիրային հարաբերությունների»:


Ժիրայր Սեֆիլյանը հավելեց, որ «Սարդարապատ» շարժումն իր ձևավորման առաջին իսկ օրվանից ասել և հիմա էլ շեշտում է, որ. «Այս ռեժիմից ձերբազատվելու քաղաքական լուծումը լինելու է, այսպես կոչված, կուսակցությունների հետ գործակցության դաշտից դուրս»՝ նոր դաշտում, որն էլ ձևավորվում է քաղաքացիական նախաձեռնությունների շնորհիվ:


«Եվ հաջողության գլխավոր գրավականը լինելու է գաղափարակիր մարդկանց միավորումը և համադրված պայքարը»,- եզրափակեց Ժիրայր Սեֆիլյանը: